ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը ապրիլի 12-ին հանդիպել են Իսպանիայի Թագավորության ԱԳՆ արտաքին քաղաքականության գլխավոր տնօրեն Էնրիկե Բենավենտեի եւ նույն գերատեսչության Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գլխավոր տնօրենի տեղակալ Խոսե Ռոդրիգեսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Իսպանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը:
Զրուցակիցերը քննարկել են Իսպանիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ակտիվացմանը եւ սերտացմանը վերաբերող հարցեր, կարեւորել տնտեսության, մշակույթի եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցության զարգացումը: Ներկաները կարեւոր են համարել, որ Իսպանիայում խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվի Հայաստանի հետ բարեկամության խումբ, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ-իսպանական հարաբերությունների զարգացմանը: Հայ խորհրդարանականները բարձրաձայնել են այն մտահոգությունները, որոնք առկա են երկու երկրների խորհրդարանականների համագործակցության շրջանակներում. մասնավորապես ընդգծվել է ԵԽԽՎ նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտի բացասական դերակատարությունը:
Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրից, ներկայացրել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Իսպանական կողմն իր ցավն է արտահայտել զոհերի առնչությամբ եւ մեկ անգամ եւս հաստատել, որ խնդրի լուծման միակ եղանակը խաղաղ բանակցություններն են:
Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին. իսպանական կողմը ողջունել է ԵՄ հետ քննարկվող իրավական նոր պայմանագիրը, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել նպաստելու ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի ազատականացմանն ուղղված ծրագրերի զարգացմանը: Քննարկվել է նաեւ խորհրդարանական կառավարման մոդելին Հայաստանի անցումը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ