Այսօր առավոտից մի խումբ գառնեցիներ փակել են Գեղարդ տանող Երեւան-Գառնի ճանապարհը` պահանջելով տեխնիկան դուրս բերել կիրճից:
«Ազատություն Ազատ գետին», «Փրկենք մեր պատիվը», «Տեխնիկայի դուրս բերում» բովանդակությամբ ցուցապաստառներով գառնեցիները որոշել են երթեւեկությունը թույլ չտալ, մինչեւ որ մարզային իշխանությունները, կառավարությունը չլուծի այս խնդիրը, որն, ըստ Գառնիի բնակիչների, սպառնում է ձորի էկոհամակարգին:
Պաստառներից մեկով էլ գառնեցիները պահանջում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը:
Հիշեցնենք, Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծով նախատեսվում է Գառնիի ջրերը տեղափոխել Արարատի մարզի Քաղցրաշեն համայնք, որից պետք է սնվեն մարզի 12 համայնքներ:
Գառնիի բնակիչների համոզմամբ ջուրը տանում են Արարատի մարզ՝ վարչապետի այգիները ջրելու համար:
«Մարդիկ մեծ ցավ են ապրում, բորբոքվում են, որ տեսնում են կիրճում աշխատող տեխնիկան, այնպիսի տպավորություն է, ոնց որ նրանց տնամերձերը քանդեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասացին գառնեցիները:
Նրանց խոսքերով, Ազատ գետը խողովակի մեջ վերցնելով, զբոսաշրջիկների համար հանգստավայր հանդիսացող Գառնի գյուղն ու ձորն անապատի է վերածվելու, Խոսրովի անտառի հարակից էկոհամակարգն էլ` խաթարվելու է. «Մենք պահանջում ենք դուրս բերել տեխնիկան, այնքան ենք պայքարելու մինչեւ որ չեղյալ համարեն այդ նախագիծը եւ չթողնենք մեր ջուրը տանեն: Այդ ձորը հարյուրավոր գառնեցիների համար ապրելու միջոց է, ժողովրդի բարեկեցության հաշվին իրենց բիզնեսներ են զարգացրել ու շարունակում են զարգացնել: Գառնին ինքը ջրի խնդիր ունի. ջրամբարը մինչեւ վերջ չի լցվում եւ չի լուծվում ջրի խնդիրը»:
Մինչ այս պահը որեւէ մի պաշտոնյա գառնեցիների բողոքը լսելու չի գնացել: Նրանց ակցիան հսկում են ոստիկանները: Գառնեցիները վստահեցնում են, որ այնքան ժամանակ ճանապարհը չեն բացելու` մինչեւ իրենց պահանջը` տեխնիկան կիրճից դուրս բերելու վերաբերյալ չկատարվի:
Օրերս էլ նրանք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էին նամակ գրել` հորդորելով ընդառաջ գնալ գառնեցիների խնդրանքին:
Ճանապարհի փակ լինելու պատճառով այդ հատվածում ավտոմեքենաների մեծ կուտակումներ են առաջացել. Որոշ վարորդներ ստիպված են շրջանցելու համար հարակից այգիների միջով անցնել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ