Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյան «քաղաքական թոշակառու» է, բայց նաեւ «պետական գործիչ»

Ապրիլ 13,2016 12:46

«Մինչեւ այդ հանդիպումն էլ ես բարձր եմ գնահատել առաջին նախագահի հայտարարությունը, որը խորհրդարանում ընթերցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը. դա պետական մտածողության ցայտուն օրինակ էր, անկախ նրանից՝ ինձ դո՞ւր էր գալիս առաջին նախագահի քաղաքականությունը, թե՞ դուր չի գալիս, մենք համամի՞տ ենք, թե՞ համամիտ չենք: Մի բան փաստ է, որ այս ժամանակաշրջանում, պետության եւ հայրենիքի համար այս վճռական փուլում առաջին նախագահն իրեն պահեց որպես երկրի առաջին նախագահ, եւ որպես պետական մտածողություն ունեցող գործիչ»,- «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի սրահում այսօր անցած շաբաթ օրը կայացած Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպման մասին իր կարծիքը հնչեցրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողները խնդրել էին մանրամասներ հաղորդել: ԱԺ փոխխոսնակն ասաց, որ ավելի մանրամասներ, քան առաջին նախագահն էր իր հարցազրույցում ասել, չի կարող ասել:

Հարցին՝ դուք բազմիցս Լեւոն Տեր-Պետրոսյանին համարել եք քաղաքական թոշակառու, իսկ այսօր ասացիք, որ պետական մտածողություն ունեցող գործիչ է, կարո՞ղ ենք արձանագրել, որ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո ձեր կարծիքը կտրուկ փոխվեց, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իմ կարծիքը կտրուկ փոխվեց կոնկրետ գործողության հետ կապված: Ես անձին չեմ գնահատական տվել, երեւույթին եմ գնահատական տվել ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա: Ես շատ փոքր մարդ եմ, որպեսզի իմ երկրի առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահներին գնահատականներ տամ, բոլորին է վերաբերում: Ինձ դուր է գալիս, թե դուր չի գալիս՝ նրանք իմ երկրի նախագահներն են եղել ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը,ե՛ւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ նախագահի ինստիտուտը գոնե իմ կողմից մշտապես հարգանք եղել է, կա ու կմնա, ինչպես նաեւ իմ երկրի հոգեւոր իշխանության նկատմամբ»:

Էդուարդ Շարմազանովը հույս հայտնեց, որ մի օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ իր կարծիքը կփոխի:

Հիշեցնենք, Տեր-Պետրոսյանի հարցազրույցին ի պատասխան, Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում անիմաստ էր որակել նախագահների հանդիպումներն ու քննարկումները:

«Տա Աստված, որ երկրորդ նախագահն էլ միանա իրենց, որովհետեւ այսօր մեր օրակարգում բացառապես միասնություն ձեւավորելն է մեր հանրության մեջ: Կարծում եմ, որ մի օր էլ ինքը կմտափոխվի եւ կմիանա համազգային միասնությանը, որովհետեւ այլ տարբերակ չկա: Մենք պետք է բոլորս լինենք միասնական: Հիմա իրար վրա քարեր շպրտելու ժամանակը չէ, հիմա միավորվելու ժամանակն է»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Լրագրողներից մեկը նկատեց, որ հենց առաջին նախագահն էր իր հարցազրույցում «քար շպրտել» Ռոբերտ Քոչարյանի վրա`ասելով. «Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։ Ի դեպ, նա է ընդառաջել նաեւ Ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին։ Սերժ Սարգսյանն, ըստ այդմ, այս ամենը ժառանգել է Քոչարյանից, եւ նրա պատասխանատվության չափը թվարկված հարցերում ավելին չէ, քան վերջինիս վարչախմբի մասը հանդիսացած մյուս դերակատարներինը։

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքն արբիտր չէ, ոչ էլ այն քաղաքական քաշային կատեգորիայում է, որպեսզի քննարկի եւ գնահատի երկու նախագահների հեռակա բանավեճը, քաղաքական գնահատականները. «նախագահներն իրար հետ կպայմանավորվեն»: Իսկ Հայաստանը նույնն է`Արցախը պետք է որոշի իր ճակատագիրը, միակողմանի զիջումները բացառվում են, Արցախը պետք է իմանա, թե ո՞րն է փոխզիջումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930