Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ փորձագետներն Արցախում են

Ապրիլ 13,2016 16:00

ԼՂՀ ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի եւ ԼՂՀ արդարադատության նախարարության «ԼՂՀ դատական փորձաքննությունների լաբորատորիայի» աշխատակիցները վերջերս դիմավորեցին ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» աշխատակիցներին:

Դեռեւս մարտի 2-ին ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի եւ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրեն Արտաշես Ջավադյանի միջեւ ստորագրվել էր համագործակցության պայմանագիր, որը միտված էր Արցախի փորձաքննությունների ինստիտուտի կայացմանը եւ զարգացմանը։

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» ՊՓԲ՝ պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժանմունքի պետ Ռուզաննա Մելիքսեթյանը, այդ պայմանագրի շրջանակներում մարտի 16-29-ը իրենք գտնվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

Մեր զրույցի ժամանակ հնչած հարցին, թե փորձագետներից ով որ բաժանմունքն էր ներկայացնում, եւ ինչ խնդիրներ պետք է լուծվեր, զրուցակիցս պատասխանեց, թե իր հետ Արցախ էր մեկնել նաեւ ֆիզիկական հետազոտությունների եւ քիմիական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Ղարայանը: Նրանց ընդունել էր ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը եւ փորձաքննությունների ոլորտի համակարգող Գագիկ Ղարամանյանը։

«Մենք անհատական աշխատանքներ ենք սկսել փորձագետների հետ, որոնք շատ բանիմաց եւ լավ մասնագետներ էին։ Փորձաքննությունների ազգային բյուրոյում կուտակված բազմամյա փորձը եւ մեթոդաբանությունը, որը ձեռք է բերվել միջազգային հեղինակավոր փորձագիտական կառույցների հետ համատեղ աշխատանքի ընթացքում, փոխանցել ենք մեր գործընկերներին։ Մեր նպատակն է եղել բարձրացնել ԼՂՀ-ում կատարվող փորձաքննությունների մակարդակը, արժանահավատությունը եւ դրանց համապատասխանեցումը ԻՍՕ 17025 միջազգային ստանդարտին։ Մեր կողմից ԼՂՀ ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի փորձագետներին ծանոթացրեցինք նոր արդի մեթոդներին, ԻՍՈ-ի պահանջներին համապատասխան փորձաքննությունների կազմակերպմանը, անցկացմանը եւ ձեւակերպմանը։ Տրամադրվեցին նոր մեթոդական ձեռնարկներ։ Նրանք իրենց կողմից ծանոթացրեցին այն բացառիկ եւ ոչ ստանդարտ դեպքերին, որոնք հանդիպել են իրենց աշխատանքային պրակտիկայում, միասին վերլուծվեցին դրանք հետազոտությունների եղանակով։ Դա վերաբերում է հատկապես պայթյունատեխնիկական ոլորտին՝ մի ոլորտ, որը, ցավոք սրտի, ԼՂՀ-ում շատ կիրառելի է»,- ասում է Ռ. Մելիքսեթյանը։

Հայաստանցի փորձագետների կողմից կազմակերպվել է դասախոսություն ոստիկանության աշխատակիցների, քննիչների, հետաքննիչների, փորձագետների հետ նյութագիտական եւ պայթյունատեխնիկական «փորձաքննությունների առանձնահատկությունները, դեպքի վայրի հետազոտությունները» թեմաներով։ Դասախոսության ժամանակ օգտագործվել են դիտարկման նյութեր։

«Նրանց մատնանշվեցին դեպքի վայրից ճիշտ նմուշառման եւ փաթեթավորման ձեւերը, որոնք թույլ կտան լիակատար պահպանել առկա հետքերը։ Ոչ պակաս հետաքրքիր էին աշխատանքները ԼՂՀ արդարադատության նախարարության «ԼՂՀ դատական փորձաքննությունների լաբորատորիայում»։ Կենտրոնի ղեկավար Մհեր Առստամյանը շատ հմուտ եւ գրագետ կազմակերպեց համատեղ աշխատանքները, ցուցաբերելով մեծ հետաքրքրություն կատարվելիք աշխատանքներին՝ սարք-սարքավորումների հետ աշխատանքների եւ փաստաթղթերի ճիշտ ձեւակերպման միջազգային պահանջներին։ Նրա հետ նույնպես փոխանցվեցին ԻՍՕ 17025 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան մեթոդները եւ մեթոդաբանությունը։ Կատարվեցին համատեղ փորձաքննություններ»,-հավելեց բաժանմունքի պետը: Իսկ պատահակա՞ն էին ընտրվել հենց այս ոլորտները հարցիս էլ, Ռ. Մելիքսեթյանը պատասխանեց. «Նյութագիտական եւ պայթյունատեխնիկական փորձաքննությունների ոլորտները ընտրված էին ոչ պատահական, այդ ոլորտները համարվում էին առավել հրատապ ԼՂՀ դատաիրավական ոլորտում։ Ինչպես ցույց տվեցին ապրիլի 1-ի լույս 2-ի իրադարձությունները, նման մոտեցումը շատ ճիշտ էր եւ առավել տեղին։ Միակ բանը, որ կցանկանայի՝ հիմա գտնվել այնտեղ եւ օգնել իմ գործընկերներին ներկայիս ծանր եւ դժվարին աշխատանքում»։
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրոյից» այս պահին ԼՂՀ են գործուղվել հետքաբան Հարություն Հակոբյանը, ձգաբան Վլադիմիր Աղանիկյանը եւ փաստաթղթաբան Արսեն Բաղդասարյանը։

«ԼՂՀ-ից վերադարձանք լցված մեծ հարգանքով, հավատով, քանի որ այնտեղ աշխատում են շատ հմուտ, բանիմաց մասնագետներ, որոնք իրենց սակավաթիվ սարք-սարքավորումներով կարողանում են իրականացնել բոլոր առաջադրանքներն ու մարտահրավերները»,- մեր զրույցի ավարտին ասաց Ռ. Մելիքսեթյանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930