Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմից առաջ Արցախում դիվերսանտները հանգիստ երթևեկել են տաքսիներով

Ապրիլ 13,2016 12:37

Գրականագետ Դավիթ Գասպարյանի հավաստմամբ` քառօրյա պատերազմից օրեր առաջ, երբ եղել է Մատաղիսում, պարզ է դարձել, որ այնտեղ ադրբեջանական տարբեր դիվերսիոն խմբեր են աշխատում:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Գասպարյանը նշեց. «Հողը երկու բան է սիրում` արյուն և քրտինք: Արյուն պիտի տաս, որ հողը հարազատանա, դառնա քոնը, քրտինք պիտի տաս, որ քեզ կերակրի: Այնքան արյուն ու քրտինք ենք տվել, որ այս վերջին պատառիկներն այլ կերպ պիտի պահենք: Այս չորս օրերը եկան ապացուցելու, որ թշնամին մշտապես մնում է թշնամի: Երբ մտածում են`ք գութ ու բանակցություններ, չէ դա ճիշտ չէ, լավագույն թշնամին սատկած թշնամին է»:

Դավիթ Գասպարյանը պատմեց, թե քառօրյա պատերազմից օրեր առաջ ինքն այցելել է Արցախ` եղել Մատաղիսի գնդում, հանդիպել զինվորների հետ: Ու այդտեղ ունեցած խոսակցություններից էլ պարզ էր դարձել, որ տարբեր դիվերսիոն խմբեր են աշխատում, նույնիսկ մի տաքսիստ պատմել է, թե տաքսիով այդ դիվերսանտներից մեկը երթևեկել է ու ինքը ճանաչել է:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների տեսուչ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հայտարարեց, թե այն, ինչ տեղի ունեցավ քառօրյա պատերազմի օրերին, ապացուցեց այն, որ եթե մեզ թվում էր, թե մենք տակավին որպես ազգ չենք ձևավորվել, հակառակն է:

Հայր Կոմիտասը վրդովվեց, թե պետք է պատասխան տան այն մարդիկ, որոնց պատճառով մեր բանակն այսօր ինչպես որ հարկն է զինված չէ. «Պետք է պարզել, թե ովքեր են պատասխանատու այս վիճակի համար, այլ ոչ թե հայոց նախագահը կանգներ Եվրոպայի սրտում ու հայտարարություն աներ, որ 1980-ականների զենքով ենք պայքարում: Սրանից մեկ տարի առաջ կարդացի, որ 1993-ին Սամվել Քոչարյանցը եկել էր ՀՀ և առաջարկել, որ ինքը կարող է ատոմային զենքի գաղտնիքն ասել մեզ, որ մենք պատրաստենք այն, հանկարծ մի քանի ամիս հետո հանկարծամահ եղավ: Կամ մեկ տարի առաջ մեկ այլ գիտնական առաջարկում էր մի այնպիսի զենք ստեղծել, որ մեկ հրթիռով լուծվի ղարաբաղյան հակամարտությունը: Բայց նրան ևս լսող չեղավ: Սա նշանակում է, որ իրենց համար կարևոր է ոչ թե հայրենիքը, այլ անձնական շահը: Մինչդեռ մյուս պարագայում ռուսների հետ կարող են համաձայնեցնել գները, և դրա մեջ ունենալ իրենց բաժինը»:

Դառնալով Ռուսաստանի վարած քաղաքականությանը` Կոմիտաս վարդապետը սթափության կոչ արեց ու հիշեցրեց, թե քաղաքականությունը սիրո տեղ չէ. «Պուտինը մեզ սիրում կամ չի սիրում, այս արտահայտությունն արդեն բնական չէ: Քաղաքականությունն ամեն երկրի շահն է: Խնդրեմ, պաշտպանիր քո երկրի շահը, եթե չունես այդ հնարավորությունը, ուրեմն մտածիր, թե ինչպես կարող ես զորանալ, որ զորացած քո պահանջները ներկայացնես»:

Դավիթ Գասպարյանի պնդմամբ էլ` Ռուսաստանի համար թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը արևաշող են, և մեր երկրի պատմությունը ապացուցել է, որ չկա նման բան` «Ռուսաստան, մեր մեծ եղբայր», այլ հույսը պետք է դնել սեփական բանակի ու տնտեսության զարգացման վրա:

ՀՀ երկու նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը գրականագետը դրական է համարում` նկատելով, թե բոլոր ղեկավարներն էլ անցել են այս օրերով:

Դառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը, թե նման հանդիպում չի պլանավորում, այլ այժմ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, պարոն Գասպարյանը նշեց, թե չի կարծում, որ դա նշանակում է` նա ձեռքերը լվացել է, այլ հույս հայտնեց, որ կգա պահը և նրան էլ անպայման կլսենք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930