Լրահոս
Օրվա լրահոսը

Օտյանական եւ մերօրյա պատերազմի աղերսները

Ապրիլ 13,2016 15:30

Օրերս պարոնյանցիներն իրենց հերթական հաղթանակն արձանագրեցին. Կոմեդիայի թատրոնի 75-ամյակին ընդառաջ հանդիսատեսին ներկայացան եւս մեկ՝ Երվանդ Օտյանի (հեղինակությամբ՝ Միքայել Կյուրճյանի) «Ֆրանքո-թրքական պատերազմ կամ Չարդըլը Արթին աղա» կատակերգության առաջնախաղով: Այն թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ բեմադրության ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը վերնագրել էր «Զվարճալի պատերազմ կամ վտանգավոր օտարամոլություն»:

Paronyan_1

Տեսարաններ «Զվարճալի պատերազմ կամ վտանգավոր օտարամոլություն» ներկայացումից:

Paronyan_2

Ներկայացումը երգիծական կերպարների, ցայտուն բնավորությունների մի ամբողջ պատկերասրահ էր: Ռեժիսորը հավատարիմ մնալով բնագրին՝ ոչնչացնող ծաղրի է ենթարկել հղփացած մեծահարուստներին, կեղծ հայրենասերներին, նրանց ընտանեկան ու կենցաղային բարքերն ու սովորությունները, եւ ամենագլխավորը՝ քաղքենի հայերի սեփական լեզվին պատերազմ հայտարարած օտարամոլությունը: Հանդիսատեսը ներկայացման ավարտին օտարամոլության եւ ստրկամտության միջեւ հավասարման նշան էր դնում: Նկատի ունենալով վերջին քառօրյա պատերազմը, լսելի ընդգծվում էր հետեւյալ միտքը՝ մեր դեպքում օտարամոլությունը կարծես վերաճում է ստրկամտության: Դիվանագիտական հարթակում մեր պարտությունները ցույց տվեցին, որ օրհասական պահին չենք կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել:

Arpan_Zadoyan

Սիփան Զադոյան

Հավելենք, որ բեմադրությունը երաժշտական է՝ զավեշտական տեսարաններով, պարային դիվերտիսմենտներով, մեներգերով եւ զուգերգերով: Ամեն ինչ համահունչ էր՝ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի՝ այս թատրոնի համար գրված երաժշտությունը, նվագախմբի կատարումը Յուրի Դավթյանի ղեկավարությամբ, նկարիչ Լիլիթ Փոքրիկյանի պատկերավոր աշխատանքն ու բալետմայստեր Աննա Կարապետյանի բեմադրած համարները: Դերասանական մի ամբողջ աստղաբույլ էր ընդգրկված ներկայացման մեջ, այդ թվում՝ վաստակավոր արտիստներ Արա Դեղտրիկյան, Հովակ Գալոյան, Զավեն Աբրահամյան, Վանիկ Մկրտչյան, առաջատար արտիստներ Նարինե Ալեքսանյան, Վարուժան Մանուկյան եւ ուրիշներ: Հարկ չենք համարում խոսել նրանց վարպետ խաղի մասին, բայց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ «Առավոտի» ուշադրությունը գրավեց երիտասարդ դերասան Սիփան Զադոյանը (լուսանկարում), որը դեռեւս սովորում է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում՝ Սամսոն Ստեփանյանի արվեստանոցում: Այս երիտասարդին մենք հիշեցինք 2014թ. Կամերային երաժշտական թատրոնում Սամսոն Ստեփանյանի բեմադրած «Երեք խոզուկները» մյուզիքլից, որտեղ նա հանդես էր գալիս Նուֆ-Նուֆի կերպարում:

Paronyan_3

Տեսարաններ «Զվարճալի պատերազմ կամ վտանգավոր օտարամոլություն» ներկայացումից:

Paronyan_4

«Զվարճալի պատերազմ կամ վտանգավոր օտարամոլություն» կատակերգությունում ուսանող արտիստին Տիգրանի կերպարը «տեղ հասցնելու» համար պատասխանատվության մեծ խնդիր էր դրված եւ նա, ինչպես ընդունված է ասել՝ պատվով դուրս եկավ: Վերջինս վերաբերում է ոչ միայն նրա խոսքին, այլեւ երգին ու պարին, ինչով «շաղախված» է Սիփան Զադոյանի մարմնավորած Տիգրանը:

Զադոյանի ձեւակերպմամբ՝ ինչ լավ է, որ ներկայացման մեջ սերն իսկապես հաղթում է: Նա նկատի ունի մեր օրերը, երբ ամուսնությունը երբեմն կապված է շահի, ձեւամոլության, օտարամոլության եւ այլնի հետ: Իր մարմնավորած կերպարի մասին դերասանն ասաց. «Հազար ու մի փորձությունների միջով եմ անցնում, սկսած աղջիկ ներկայանալուց՝ վերջացրած աղայի կերպարով: Մեզանում տարածված օտարամոլության արտահայտություն է, երբ պիեսում քաղքենի մայրը սիրած աղջկան՝ Վարդուկին (երիտասարդ դերասանուհի Քնարիկ Բաղդասարյան) Ռոզ է անվանում, դա համարելով նորաձեւ… Այս կատակերգությունում շատ ավելի խոր դրամա է թաքնված, որը պիտի սթափեցնի մարդկանց, քանի որ հայը հեռանում է իր տեսակից»: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ ինքը դեմ չէ նորարարությանը, բայց մի պայմանով՝ որ չհեռանան արմատից: Սիփան Զադոյանը նշեց ոչ միայն արվեստանոցի ղեկավարի անունը, այլեւ բեմական խոսք դասավանդող Սոֆիկ Սարգսյանինը, հիշեց վոկալի դասախոս Լիլիա Քարամյանին եւ կուրսի ղեկավարի ասիստենտներ, ճանաչված միմեր Արա Հարությունյանին եւ Հայկ Իսրայելյանին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
13.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930