Անցյալ շաբաթ Արցախի դեմ լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանցի զինվորականները սպանեցին և վիրավորեցին տասնյակ հայ զինվորների և խաղաղ բնակիչների՝ օգտագործելով Իսրայելից և Ռուսաստանից ձեռքբերված միլիարդավոր դոլարների արդիական զենքեր:
Հայաստանի կառավարությունը և աշխարհասփյուռ հայությունը մեղադրեցին թե Իսրայելին, թե Ռուսաստանին, որոնք պատասխանատվություն են կրում վերջին ադրբեջանական հարձակումից զոհված անմեղ հայերի արյան համար:
Պրոֆ. Իսրայել Չարնին, իբրև արդարամիտ հրեա և մարդու իրավունքների ջատագով, չէր կարող լուռ մնալ, իմանալով, որ իր երկիրը՝ Իսրայելը, դերակատարություն է ունեցել հայերի արյունահեղության մեջ: Որպես Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտ. Չարնին խիստ քննադատական հոդված է ուղարկել իսրայելական «Հաարեց» (Haaretz) թերթին, հետևյալ գրգռիչ վերնագրով. «Արդյոք Իսրայելը անօդաչու թռչող սարք կվաճառե՞ր Հիտլերին»: Ահա թե նա ինչ է գրում.
«Եթե նացիստները բնավ սպանած չլինեին հրեաներին, այլ «միայն», ենթադրենք ատելի սլավոնացիներին, գնչուներին և Եհովայի վկաներին, և եթե մեր սիրելի Իսրայելի պետությունը այն ժամանակ գոյություն ունենար, արդյոք դուք կհամաձայնեի՞ք, որ մենք զենք վաճառեինք նացիստներին:
Կարդացեք նաև
«Հաղորդում են, որ Իսրայելը միլիարդավոր դոլարների զենք է վաճառել, ներառյալ այնպիսի կառավարությունների, որոնք սպանում են կամ սպառնում են հարձակվել տուժած ժողովուրդների վրա: Անցյալ շաբաթ լուր ստացվեց, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը, մեր հսկայածավալ զենքի գնորդ Ադրբեջանի կողմից վեց հայերի մահվան պատճառ է դարձել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Ես ամաչում եմ:
«Հայերը 100 տարի առաջ տեղի ունեցած այն մեծ ցեղասպանության զոհերն են, որը նույնիսկ որոշ իսրայելցի մտավորականներ անվանել են «Հայկական Շոա», այդ թվում՝ Բար-Իլանի համալսարանից: Նրանց ազգային և մշակութային մտահոգության մեծ մասը շարունակում է կենտրոնացած մնալ այդ ցեղասպանության հիշողության վրա (մեզ՝ հրեաներիս, ծանոթ է, այնպես չէ՞): Տարիներ ի վեր, մենք՝ իսրայելցիներս, լեյբորիստական կամ «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ, վիրավորել և ցավ ենք պատճառել հայ ժողովրդին՝ մերժելով պաշտոնապես ճանաչել նրանց ցեղասպանությունը: Արդյոք մենք ինքներս կհանդուրժեի՞նք այլ կառավարության, ենթադրենք Միացյալ Նահանգներին կամ Անգլիային, որոնք մերժեին ճանաչել Հոլոքոստը՝ հանցավոր կառավարության հետ իրենց ունեցած իրապաշտական քաղաքական շահերից ելնելով:
«Մի բարձրաստիճան հայ պաշտոնյա մեզանից մի քանիսին գրել է Իսրայել՝ իր խոր ցավն ու վրդովմունքն արտահայտելով ոչ միայն Հայոց ցեղասպանության մեր վախկոտ ու շահամոլական ժխտումների, այլ նաև՝ Ադրբեջանի հետ մեր սերտ ռազմական դաշինքի համար: Ես հիշում եմ, թե ինչպես է հնում Նաթան մարգարեն զայրացել Դավիթ թագավորի վրա՝ չնայած անձնական ոճիրի համար. Բավարար չէր, որ դու սպանեցիր նրան, այլ նաև շա՞հ ապահովեցիր այդ ստոր արարքից: Ադրբեջանցիները թուրքական ժողովուրդ են, որոնք հավատարիմ են Թուրքիայի արտառոց և ֆաշիստական ավանդույթին՝ խեղաթյուրելու պատմությունը և ժխտելու Հայոց ցեղասպանությունը:
«Ընդհանրապես, մենք՝ իսրայելցիներս, ինչքա՞ն ենք ցանկանում ամրապնդել մեր տնտեսությունը շահութաբեր զենք վաճառելով: Իհարկե, աշխարհում «բոլորն» են դրանով զբաղված, բայց արդյոք մենք ևս պե՞տք է հետևենք նրանց օրինակին: Արդյոք մենք հրաժարվե՞լ ենք Իսրայելի կերպարից/երազանքից՝ որպես այս մոլորակի ժողովուրդների բարոյական առաջնորդի: Արդյո՞ք սա ձանձրալի, միամիտ և երեխայական գաղափար է այս խելահեղ ավերիչ և ինքնաոչնչացվող աշխարհում:
«Այլընտրանքային հայեցակարգ կարող է լինել, որ նախևառաջ Իսրայելի պաշտպանության համար մեր զենքերը կարող ենք նաև վաճառել միայն ճնշված ժողովուրդներին, որոնց զանգվածային ոչնչացման վտանգ է սպառնում, և/կամ դաշնակիցներին, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, որը հիմնականում հանձնառու է տարածել ժողովրդավարական արժեքներ և խաղաղություն: Իհարկե, մենք դեռ կարող ենք որոշ սխալներ թույլ տալ, բայց գոնե մեր խիղճը ավելի մաքուր կլինի, որ զենք չենք ուղարկել «նացիստներին»:
«Ես իմ հայ գործընկերներին և բարեկամներին միայն կարող եմ ասել՝ ես որպես հրեա և իսրայելցի, սարսափած եմ և զայրացած»:
Պրոֆ. Չարնիի կոշտ խոսքերը լիովին արդարացված են, քանի որ թե իսրայելցի, թե ռուս պաշտոնյաներն անամոթաբար խոստացել են շարունակել հավելյալ զենք վաճառել Ադրբեջանին…
Դոկտոր Չարնին երբեք չի խուսափել իր քննադատական տեսակետները արտահայտնել Իսրայելի անբարո քաղաքականության մասին հայկական հարցերի վերաբերյալ: 2001 թ. իր ջախջախիչ նամակում նա ասել է Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսին. «Դուք անցել եք բարոյական այն սահմանը, որը չպետք է իրեն թույլ տա ոչ մի հրեա… Իբրև հրեա և իսրայելցի, ես ամաչում եմ, որ այժմ Հայոց ցեղասպանության փաստացի հերքման մեջ Դուք այնքան հեռու եք գնացել, որը նման է Հոլոքոստի ժխտմանը»:
Պրոֆ. Չարնին պետք է բարձր գնահատականի արժանանա իր խիզախ և արդարամիտ դիրքորոշման համար՝ հանդիմանելով իր սեփական երկրի անզգա առաջնորդներին…
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր