Լաս Վեգասում ապրիլի 9-ին կայացած գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտում մեքսիկացի Հիլբերտո Ռամիրեսից միավորներով կրած ցավալի պարտությունից հետո Aravot.am-ը հարցրեց Արթուր Աբրահամին, թե ինչպե՞ս եղավ. Ամերիկայում անցկացված մենամարտում մրցավարության հետ կապված խնդիրնե՞ր կային, կամ գուցե տարիքային տարբերությո՞ւնը դեր խաղաց: «Սխալ մարտավարությունս էր պարտությանս պատճառը», – պատասխանեց Արթուր Աբրահամը:
Աբրահամը նախօրեին իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել էր իր մարտարվեստի երկրպագուներին՝ նշելով. «Սիրելի երկրպագուներ, շնորհակալություն ձեր աջակցության համար: Ես վերականգնվում եմ մենամարտից եւ խոստանում վերադառնալ: Մենք կշարունակենք ջանասիրաբար մարզվել եւ սովորել մեր սխալներից… Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Ձեր Արթուր Աբրահամ եւ Ուլի Վեգներ»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.04.2016