Լրահոս
Օրվա լրահոսը

Անօգնական օրիորդից՝ կայացած, ինքնավստահ կին

Ապրիլ 13,2016 14:00

«Մեր տուն»-ն արդեն տասը տարեկան է

«Մեր տուն»-ը Հայաստանում գործող միակ կառույցն է, որը 18-ից 23 տարեկան աղջիկներին ապահովում է ոչ միայն կացարանով, այլ ընտանեկան ջերմությամբ եւ հոգատարությամբ: «Մեր տուն»-ը հիմնադրվել է 2005 թ.-ին Էջմիածին քաղաքում, իսկ 2006-ին առաջին անգամ իր դռներն է բացել մանկատնից դուրս եկած, անորոշության եւ վախի մեջ, մեծ աշխարհում միայնակ կանգնած օրիորդների առջեւ: Կարիք չկա նշելու այն փաստը, որ այսօր մանկատներից դուրս եկած երիտասարդները մեր հասարակության ամենախոցելի եւ փխրուն շերտն են, ուստի չափահաս դառնալուց հետո էլ, նրանք, ինչպես յուրաքանչյուր երիտասարդ, որ առաջին քայլերն է անում դեպի ինքնուրույն կյանք, կարիք ունեն հոգեբանական օգնության՝ հասարակության մեջ ամբողջովին ինտեգրվելու եւ կայացած մարդ դառնալու գործում: «Մեր տուն»-ը տարածաշրջանում միակ կառույցն է, որը զբաղվում է մանկատներից դուրս եկած երիտասարդների ճակատագրեր փրկելու հարցով:

Այս տարի լրանում է այս եզակի կազմակերպության 10-ամյակը, ինչի առթիվ զրուցեցինք «Մեր տան» գործադիր տնօրեն Տիգրանուհի Կարապետյանի հետ: Չէի հասցրել խոսքս սկսել, երբ տիկին Կարապետյանը եւս մեկ անգամ ոգեւորությամբ շտապեց հիշեցնել «Մեր տան» 10-ամյակի մասին: Սա, թերեւս, մարդկային ուժեղ կամքի եւ մեծ ցանկության դրսեւորման ամենավառ ապացույցն է: Նույնիսկ անհնարինը հնարավոր է դառնում, երբ կա մեծ ցանկություն եւ ոգեւորություն, թերեւս սա տիպիկ նկարագրում է «Մեր տան» անցած ուղին: Պետության դժվարին պայմաններում, երբ դեռ ընթացքի մեջ էին հանրապետության մանկատների բարելավման աշխատանքները, մեզանում այսպիսի կառույց ունենալը դեռ սարերի ետեւում էր: Այդուհանդերձ, մեծ ցանկության եւ ամերիկահայ բարերարների ֆինանսավորման շնորհիվ, հնարավոր եղավ իրականություն դարձնել անհնարինը: Այն է՝ ստեղծել մի կառույց, որը պարզապես մանկատուն չէ, այլ մի մեծ ընտանիք, որտեղ մանկատնից դուրս եկած աղջիկները իրենց զգում են ապահով եւ վայելում վաղուց մոռացված «ընտանիք» հասկացության ջերմությունը:

«Իհարկե, սկզբում շատ դժվար էր, քանի որ հասարակ մանկատներում մեծացած երիտասարդները սովորաբար գտնվում են հոգեբանական ծանր, խաթարված վիճակում: Հետեւաբար, սկզբում մեր գլխավոր նպատակն էր հաջողության հասնել նրանց վերափոխելու մեջ: Մենք բարդ խնդիր ունեինք, օգնելու նրանց հաղթահարել հոգեբանական բարդույթները եւ ետ պահել իրենց վնասելու մտքերից: Ժամանակի ընթացքում հասկացանք, որ այս հարցի լուծումը մեկն է՝ աղջիկներին սովորեցնել հասկանալ, թե ինչ է ընտանիքը եւ ընտանեկան ջերմությունը»,- ասաց տիկին Կարապետյանը: Այնուհետեւ շեշտեց այն փաստը, որ չունենալով հոգեբանական կրթություն, պարզապես աղջիկների հետ շփվելով, այս տարիների ընթացքում դարձել է նրանց ամենակարեւոր հոգեբանը եւ մայրը: Նա նշեց, որ շփման մեջ կարեւոր է տիրապետել որոշակի նրբությունների եւ ի սկզբանե գնահատել աղջիկների հոգեբանական վիճակը: Սա նաեւ ամենակարեւոր պայմանն է՝ աղջիկներին ճիշտ մասնագիտության ուղղորդելու հարցում եւ, թերեւս, սա է ամենագլխավոր պատճառը, որ աղջիկների մի մասն ընտրել է հոգեբանի մասնագիտությունը: Վերջիններս սովորել են Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի հոգեբանության ֆակուլտետում: Ապագա մասնագիտությունն առաջին հերթին օգնել է աղջիկներին բացահայտելու իրենց էությունը, հետո հնարավորություն տվել օգնել մյուսներին՝ ինքնաճանաչման եւ ինքնադրսեւորման հարցում: Ըստ տիկին Կարապետյանի՝ ընտանիքի բարդույթից զատ, մանկատան երեխաների մեջ կա չարություն: Այն մտքերը, որ իրենք դժբախտ են եւ անտեսված, նրանց դարձնում են ագրեսիվ, բայց ժամանակը ցույց է տվել, որ ճիշտ մոտեցման դեպքում սա նույնպես հաղթահարելի խնդիր է: «Մեր տան» տասնամյա գործունեության ընթացքում կազմակերպությունն ունեցել է շուրջ 45 շրջանավարտ, որոնց հետ աշխատել են անհատական զրույցների եւ հոգեբանական դասընթացների միջոցով: Արդեն մեկ տարի է, ինչ համագործակցում են հոգեբաններ Մարիամ Մեհրաբյանի եւ Նարինե Հակոբյանի հետ: Արդյունքն ակնհայտ է: «Մեր տան» շրջանավարտներն այսօր ապրում են որպես հասարակության լիիրավ եւ արժանի քաղաքացի: «Վերջերս, Նարինե Հակոբյանի հրավերով, «Մեր տան» աղջիկները հանդիպում ունեցան Գիտությունների ակադեմիայի հոգեբանության եւ սոցիոլոգիայի բաժնի ուսանողների հետ: Զրույցի թեման էր ընտանիքը: Շատ ոգեւորիչ էր, տեսնել, որ մեր աղջիկները, արդեն այդ կարծրատիպերից ազատված, համարձակ կարողացան արտահայտել իրենց մտքերը բաց քննարկումներով»,- հավելեց նա:

Ըստ տիկին Կարապետյանի՝ յուրաքանչյուր երիտասարդ իր կայացման ուղին պետք է սկսի բովանդակալից, հագեցած առօրյա ստեղծելուց: Սա իր մեջ պետք է ներառի տարատեսակ, հետաքրքիր զբաղմունքներ: Դրանց մեջ ամենաէականներից մեկն է մարդու կապը բնության հետ: Մարդն ինքնին բնության մի մասնիկ է եւ պետք է պարբերաբար լինի բնության մեջ: Այդ է պատճառը, որ գարնան գալուն պես կազմակերպվում են արշավներ կամ այցեր Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր: «Բաց բնության գրկում նստում ենք ու սկսում քննարկել ներքին վախերն ու խնդիրները: Նույնիսկ երբեմն ստիպում եմ բարձր ձայնով գոռալ, որպեսզի դուրս հանեն բոլոր բացասական մտքերը: Կարեւորում եմ նաեւ արվեստը եւ արհեստը մարդու կյանքում, ուստի աղջիկները զբաղվում են երգով, պարով եւ պատրաստում ձեռքի աշխատանքներ»,-պատմում է տիկին Տիգրանուհին: Այնուհետեւ նշում, որ կարեւորում է «Մեր տան» Էջմիածնում լինելու հանգամանքը, քանի որ աղջիկները մշտապես կապված են եկեղեցու հետ: Քաղաքացիներն էլ իրենց հերթին շատ հետաքրքրված են «Մեր տան»` գործունեությամբ: «Մենք արդեն 14 աղջիկ ենք ամուսնացրել, եւ ես երբեք չեմ զանգել քաղաքացիներին: Նրանք կարծես իրենց պարտքն են համարում ներկա գտնվել եւ իրենց օգնությունն առաջարկել»,- ասաց նա: Վերջում տիկին Կարապետյանը նշեց, որ «Մեր տան» ողջ գործունեության ընթացքում ամենամեծ հաջողությունը եղել է «հոգիներ փրկելը», այն հոգին, որ վնասված էր, այն հոգին, որ անհավատ էր:

 
ՍՐԲՈՒՀԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930