Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանի մեղքի զգացումը

Ապրիլ 13,2016 13:30

Եղբոր որդին փրկեց սպարապետի կյանքը

«…1992 թվականի օգոստոսի ութին ընկավ Արծվաշենը: Նա ընկավ, եւ առօրյա մամուլն ու կուսակցական բամբասանքները հարձակվեցին Վազգենի վրա…»,-գրել է Ռուբեն Գեւորգյանը «Դատապարտված դափնիներ» գրքում՝ նշելով, որ Վազգեն Սարգսյանն ինքն է պատմել իրեն:

Այս վկայությունն ուսումնասիրել է Մաքսիմ Ոսկանյանը եւ զետեղել իր «Արցախյան վկայություններ» գրքում:

Պատմությունը, ինչպես նշվում է, սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին է, որը հոգեկան մեծ ապրումներ է ունեցել Արծվաշենի կորստից: Նշվում է, որ թշնամու ուժերը խիստ գերակշիռ են եղել եւ ոչ ոք հաշվի չի առել, չի գնահատել, որ Վազգենն այդ իմանալով՝ ժամանակին հասցրեց դուրս բերել խաղաղ բնակչությանը, փրկել անողորմ կոտորածից եւ գերության նվաստացումից:

Ըստ վկայության, շատերը բամբասել են, թե՝ Արծվաշենը վաճառեցին թուրքին… Վիրավորանքը ծանր է եղել, անտանելի…: Վազգենը փակվել է իր տան սենյակում, առջեւը դրել նահատակված ընկերների լուսանկարները եւ… ատրճանակը..: Բանն այն է, որ եթե ինքն Արծվաշենում ընկներ, չէին էլ բամբասի: Բայց եթե ընկներ, ապա ով պիտի խաղաղ բնակչությանը փրկեր կոտորածից ու գերության նվաստացումից: Ուրեմն, երիցս փառք Աստծո, որ չէր ընկել: Արծվաշենի բնակչության կյանքը փրկելու մեջ էլ հաղթանակ կար, որ ոչ միայն չեն արժեւորում, այլ շարունակ պնդում են, թե Արծվաշենը ծախեցին: Ինքը՝ Վազգե՞նը թուրքին որեւէ բան զիջի, զարհուրելի է անգամ մտածելը: Իսկ ահա..չարախնդում են…; Դե, ուրեմն, եթե Արծվաշենի պարտության դիմաց իր ընկնելն է արդարացման բանալին. թող այդ չարախոսությունների առջեւ առնողն իր մահը լինի…

Vazgen_Sargsyan_1

Եվ անտանելիորեն վիրավորված զորավարը ատրճանակը դրել է քունքին, որովհետեւ հասարակության առաջ, այնուամենայնիվ, խոստացել էր, թե՝ Արծվաշենը կպահի: Իսկ ինքն արծիվ տեսակ է, իր խոսքին տեր: Հավատում էին: Չի՞ կարողացել՝ կյանքն է դնում: Էլ բողոքավոր չեն լինի: Ստացվում է, որ իր արյամբ է պարտության արդարացումը…այդ են ուզում, խնդրեմ…

Բայց Աստված չկամեցավ, որ իր սիրելիներից մեկն ինքնասպան լինի: Եվ վկայությունն այն մասին է, թե Աստված ինչպես կանխեց զորավոր իր արծիվներից մեկին, որն ահա ինքնասպան լինելու որոշում էր ընդունել…

Հիսուս երեխաների մասին Մատթեոսի Ավետարանում ասում է. «Ուշադի՛ր եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհե՛ք, ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն իմ Հոր, որ երկնքում է, որովհետեւ մարդու Որդին եկավ փրկելու կորածը»:

Եվ Աստված զորավարի մոտ է ուղարկում երեխայի, որին Վազգենը չէր կարող ընդդիմանալ. երեխայի հրեշտակն ահա Աստծուց հրաման առնելով՝ երեխային առաջնորդում է զորավարի մոտ:

«Դռան բռնակը ինչ-որ մեկը չխչխկացնում էր: Ասես արթնացած՝ նա նորից սեղանին դրեց կրակելու պատրաստ ատրճանակը: Հետո լսվեց դռանը խփվող թույլ քացիների ձայն: Եղբոր որդին էր, նրա փոքրիկ տղան, ում ինքը շատ էր սիրում: «Հոպա՛ր,- կանչում էր,-հոպա՛ր»: Նա ասես ցնցվեց երեխայի ձայնից. մի երկար ժամանակի չափ թվաց այնքան, երբ դարակը դրեց ատրճանակը եւ մոտենալով դռանը՝ բացեց ու գրկեց տղային: Աչքերից արցունքի երկու խոշոր կաթիլ գլորվեցին այտերի վրա:

Տղան ասաց.

-Էս ումի՞ց ես վախենում, որ դուռը փակել ես, հոպա՛ր:

Նա տղային լուռ տարավ սեղանի մոտ, կանգնեցրեց սեղանին ու նրա դեմքն առնելով ափերի մեջ՝ փորձեց խոսել: Բայց երեխան չէր հանդարտվում.

-Բա էդ ի՞նչ արցունք է, հոպար,-ասաց ու փոքրիկ մատը տարավ զորավարի այտից գլորվող արցունքին:

Զորավարը համբուրեց տղային, համբուրեց ու խեղդվում էր հուզմունքից:

-Ուրախության լաց է, տղա՛ս, հաղթանակի լաց է, որովհետեւ դո՛ւ հաղթեցիր…

Ի վերջո, մտածեց զորավարը. «Միայն Արծվաշենով չի որոշվում ոչ իր եւ ոչ էլ ազատագրական պայքարի ճակատագիրը»:

Իսկ այս վկայությունը հեղինակը ավարտում է Մարկոսի Ավետարանից մեջբերելով մի հատված. «Եվ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մեջ եւ նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց. «Ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թե ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»:

Զորավարը մանկան միջոցով ճանաչեց ու վստահեց Աստծո կամքին: Օրհնյալ է Աստված:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930