ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում ապրիլի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդլայնված կազմով հանդիպումը:
ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակության մեջ ընդգրկված էին մի շարք մշտական հանձնաժողովների նախագահներ եւ խորհրդարանական բոլոր խմբակցությունների պատասխանատուները:
Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիայից հայրենիքի սահմանները պաշտպանող, զոհված զինծառայողների եւ հրետակոծության հետեւանքով մահացած խաղաղ բնակիչների հիշատակը:
Փոխադարձ պայմանավորվածությամբ ընտրվել է օրակարգային հարց՝ «Սույն թվականի ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ խորհրդարանական անելիքները՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում»:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ եւ ԼՂՀ շուրջ երկու տասնյակ պատգամավորներ:
Քննարկվել են պաշտպանության, անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտներում օրենսդրական եւ այլ կարգի համագործակցության ու միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախին առնչվող խնդիրների համակողմանի ներկայացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Հայկական երկու հանրապետությունների պատգամավորները ընդգծել են համատեղ քննարկումների կարեւորությունը, որը հիմք է տալիս ստեղծված ոչ սովորական պայմաններում գտնել արդյունավետ համագործակցության համար պահանջվող գործիքակազմը:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջարկները կներկայացվեն ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարաններին, եւ դրա հիման վրա կմշակվի համատեղ գործողությունների պլան:
ՀՀ ԱԺ