Ինչպես տեղեկացնում է Հարավային Կալիֆոռնիայի հանրային ռադիոն ՝ երեքշաբթի երեկոյան Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվեց հայկական դրոշի եռագույնով: Սա, ինչպես ասաց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Պոլ Կրեկորյանը, Արցախում ադրբեջանական զինուժի դաժան հարձակման արդյունքում զոհված քաղաքացիական անձանց եւ զինվորների հիշատակին ուղղված ակցիա է եւ խաղաղության կոչ:
Նա ասել է, որ Ադրբեջանը մշտապես է խախտել 1994 թ. ստորագրված զինադադարի ռեժիմը, բայց անցյալ շաբաթ տեղի ունեցածը ծայրահեղ դրամատիկ ավարտ ունեցավ: Նաեւ հավելել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության եւ զինուժի վրա հարձակումը անընդունելի է, աններելի եւ պետք է ողջ միջազգային հանրության կողմից դատապարտվի:
Այդ տարածաշրջանում խաղաղությունը ԱՄՆ շահերից է բխում, իսկ ադրբեջանական հարձակումը կարող է որպես ռազմական հանցագործություն դիտվել՝ ասել է քաղաքային խորհրդի անդամը: «Մենք պետք է շարունակենք պահանջել վաշինգթոնյան մեր կառավարությունից, որ քայլեր ձեռնարկի այդ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,-ասել է Կրեկորյանը՝ հիշեցնելով, որ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ այդ երկրի ղեկավարը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: «Դա բացարձակ անհարգալից է ամերիկյան շահերի եւ ամերիկյան ժողովրդի ցանկությունների հանդեպ, եւ կարծում եմ, որ ամերիկյան կառավարությունը պետք է շատ խիստ արձագանքի եւ ագրեսորներին պատասխանատվության կանչի»,-նշել է նա ռադիոյի հետ զրույցում:
Պարոն Կրեկորյանին ասել են, որ Թալիշում սպանված, ապա խոշտանգված ծերունիներն ազգականներ ունեն Կալիֆոռնիայում, սակայն դա դեռ հաստատված չէ:
Կարդացեք նաև
Հարավային Կալիֆոռնիայի հանրային ռադիոն այնուհետեւ հիշեցնում է, որ ԱՄՆ-ը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, Քերրին հայտարարություն է տարածել, որ դա հրադադարի խախտում էր, որը բերել է մարդկային զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: