Հայաստանցի 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը, թերեւս, երբեք չի մոռանա Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայ ծանրորդը, որ մեդալի իրական հավակնորդ էր, պակում վարժությունում միայն երրորդ մոտեցմամբ կարողացավ իրեն ենթարկել պատվիրված 137 կիլոգրամը: Սակայն նա կորցրածը կարող էր ետ բերել եւ նվաճել բրոնզե մեդալը: Եվ կարելի է ասել, դա հաջողվել էր: Միայն թե հրում վարժությունում երկրորդ մոտեցման համար 181 կգ-ն գլխավերեւում պահելուց հետո մի ակնթարթ շտապես եւ մրցավարի «իջեցնել» հրահանգից մեկ ակնթարթ առաջ ծանրաձողը նետեց հատակին: Փորձը չգրանցվեց: Ճիշտ է, Վանիկն աշխատեց վերջին փորձով պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրանալու իրավունք նվաճել, սակայն արդեն սպառել էր ուժերը:
Այդուհանդերձ, հայ ծանրորդը հրում վարժությունում 175 կգ-ով արժանացավ փոքր բրոնզի, սակայն երկամարտում բավարարվեց 5-րդ տեղով:
Բայց հարկ է նշել նաեւ, որ Ֆյորդեի մրցահարթակը թերություն ունի եւ այնքան էլ չի համապատասխանում նման մրցման պահանջներին: Տարբեր երկրների ծանրորդների ոտքը, այդ թվում նաեւ՝ մեր, հատկապես հրում վարժությունում սահում էր հարթակի վրա, ինչի հետեւանքով շատերը ոչ միայն չէին կարողանում ցույց տալ իրենց իրական հնարավորությունները, այլեւ կարող էին շատ լուրջ վնասվածքներ ստանալ: Թեեւ, մի քանիսը թեթեւ վնասվածքներից, այնուամենայնիվ թեթեւ վնասվածքներից չխուսափեցին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ