Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչների միությունում բացված ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Արցախին

Ապրիլ 12,2016 23:22

Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպել է իր պահոցներում գտնվող 1960-80-ականների նկարիչների ու քանդակագործների 80 լավագույն աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որպեսզի ողջ հասույթը տրամադրի Արցախին:

Միության նախագահ Կարեն Աղամյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դեռ չեն որոշել՝ հավաքված գումարը բանակի կարիքները հոգալուն է ուղղվելու, թե տրամադրվելու է քառօրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին: Այդ հարցով կխորհրդակցեն Պաշտպանության նախարարության հետ և ըստ այդմ էլ կորոշեն:

«Հատկապես այս օրերին ամեն մի հայ իրեն պարտավորված է զգում ինչ-որ բանով աջակցելու մեր բանակին: Հայաստանի նկարիչների միությունը չէր կարող անմասն լինել այդ համընդհանուր շարժումից»,- ասաց Կարեն Աղամյանը:

Ցուցահանդեսը բացվել է այսօր և կգործի մինչև ապրիլի 23-ը:

12970853_922630511191945_74404118300209931_o 12973318_1118768568167432_4933176306410676290_o 13002358_922630531191943_5984124044802964261_o

Ցուցահանդես-վաճառքում ներկայացված ստեղծագործությունները, որոնք ժամանակին գնել է Նկարիչների միությունը, վաճառվում են իրենց իրական արժեքից անհամեմատ ավելի ցածր գնով. «Եռակի, քառակի ցածր գներ ենք որոշել, որպեսզի շատերը կարողանան գնել դրանք և այդպիսով իրենց լուման ներդնել այս ազգանվեր գործում: Սա այն հարցն է, որ մենք ափսոսալու տեղ չունենք»,- ընդգծեց նա:

Հայաստանի նկարիչների միության նախագահի փոխանցմամբ՝ այսօր արդեն եղել են գնորդներ. «Հուսով ենք, որ մինչև ապրիլի 23-ը շատերը կարձագանքեն: Նաև Սփյուռքի նախարարության հետ կհամագործակցենք, որպեսզի արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներն էլ տեղեկանան ցուցահանդեսի մասին և ցանկության դեպքում կարողանան ձեռք բերել ներկայացված գործերից»,- նշեց Կարեն Աղամյանը:

Հավելենք, որ ցուցահանդես-վաճառքում ընդգրկված են Գետիկ Բաղդասարյանի, Գարեգին Դավթյանի, Ֆելիքս Եղիազարյանի, Ռոբերտ Խաչատրյանի, Արամ Նազարյանի, Արմեն Աթայանի, Փարավոն Միրզոյանի, Ռաֆիկ Խաչատրյանի, Ալեքսանդր Գևորգյանի և այլոց ստեղծագործություններ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930