Լրահոս
Օրվա լրահոսը

«Փսլնքոտ» բացատրությունների փոխարեն Ռուսաստանը պետք է ուղիղ ասի

Ապրիլ 12,2016 23:03

«Քաղաքականության մեջ ես չեմ համարում, որ փնթփնթոցներ եւ նվնվոցներ են: Միայն իշխանությունը չի բողոքում, բողոքում է ամբողջ ժողովուրդը եւ ճիշտ է բողոքում: ՌԴ-ի հետ կապված դա միակ կարեւորագույն հարցն է, որ բողոքներ կան եւ ճշմարիտ բողոքներ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` պատասխանելով հարցին` կիսո՞ւմ է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի տեսակետը` Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենքի վաճառքի առիթով Հայաստանում առաջացած դժգոհության մասով:

Ի դեպ, այդ դժգոհությունն արտահայտվեց նաեւ Հայաստանի առաջին դեմքի մակարդակով`նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ: ՌԴ փոխվարչապետը, հիշեցնենք, իր վերջին հարցազրույցում, ասել է.  «Այնտեղ դեմագոգիա է սկսվել ահավոր: Չեմ ուզում մատնացույց անել, բայց որոշ քաղաքացիներ իրենց լավ չպահեցին: Պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզված քարոզչական փսլինքներ»:

ՌԴ փոխվարչապետի ասածները «ռեալ-պոլիտիկի» տեսանկյունից, Արամ Կարապետյանի մատուցմամբ նշանակում են, որ ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել Հայաստանին եւ Ադրբեջանին: «Կան զինատեսակներ, որոնք եթե ՌԴ-ն Ադրբեջանին չվաճառի, այդ գնով եւ այդ քանակով Ադրբեջանը չի կարող ձեռք բերել այլ պետությունից: Սա փաստ է: Կան, իհարկե, երկրներ, որոնք Ադրբեջանին զենք են վաճառում, բայց դրանք այն զինատեսակները չեն, որոնք կան ՌԴ-ում: Կան զինատեսակներ, որոնք ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան մոտավորապես նույն քանակությամբ կարող են վաճառել Ադրբեջանին, բայց այդ երկրները էմբարգոյի մեջ են`ոչ մեզ են վաճառում, ոչ Ադրբեջանին»,- ասաց Արամ Կարապետյանը` հակադարձելով ՌԴ փոխվարչապետի այն դիտարկումներին, որ եթե ՌԴ-ն դադարեցնում է երկրներից մեկի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, այնտեղ անմիջապես կհայտնվեն ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն:

«Պարզ է, որ Ռոգոզինը փորձում է ինչ-որ կերպ բացատրել այն ամենն, ինչ ինքը մինչ այդ էր ասել եւ, կարծում եմ սխալվել էր: Մի բան հասկանալի է, որ Ադրբեջանին զենք վաճառելով` ՌԴ-ն փորձում է այդ երկիրը պահել իր աշխարհաքաղաքական ծիրի շրջանակներում: Իմ կարծիքով, դա պետք է ուղղակի ասել, համապատասխանաբար լսել հայկական կողմի դժգոհությունները, քանի որ նման ռազմավարական եղբայրություն չի լինում, եւ նոր որոշումներ կայացնել: Այսինքն, պետք չէ սկսել բացատրություններ տալ, որոնք ավելի են խճճում իրավիճակը»,- կարծում է մեր զրուցակիցը:

Շատերի նման, Արամ Կարապետյանն էլ կարծում է, որ ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունները պետք է բողոքից անցնեն քայլերի: Ասենք` ետ բերել թալանված գումարները եւ դրանցով զենք գնել, ոչ թե ՌԴ-ից վարկ վերցնել ու ՌԴ-ից էլ զենք գնել: «Եկեք ասենք Ռոգոզինը, Մեդվեդեւը, բոլորը վատ տղաներ են: Բայց լուծումը որն է: Լուծումը մեր մեջ է»,- ասում է Արամ Կարպետյանը` հավելելով, որ ինքն այդպես էլ չի հասկացել ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի բացատրությունը, թե ինչո՞ւ մեզ մոտ չենք զարգացրել անօդաչու սարքերի արտադրությունը կամ Իսրայելից չենք գնել: «Նպատակահարմար չենք գտել»,- ասել էր Դավիթ Տոնոյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930