Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանխել մահաբեր բռնությունը Լեռնային Ղարաբաղում

Ապրիլ 12,2016 22:45

The Huffington Post  պարբերականի ապրիլի 10-ի համարում հրապարակված «Կանխել մահաբեր բռնությունը Լեռնային Ղարաբաղում» խորագրով հոդվածի համահեղինակներ են Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը և Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ինստիտուտի Խաղաղաշինության և մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Դեյվիդ Ֆիլիպսը:

Տարածաշրջանում կայունության ապահովման համար Գրիգորյանը և Ֆիլիպսը որոշ առանցքային առաջնահերթություններ են համառոտ շարադրել, ինչպիսիք են՝ (1) խրախուսել Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին ակտիվացնել իրենց միջնորդական ջանքերը, (2) Ղարաբաղյան կողմին ներգրավել խաղաղ բանակցություններին և (3) կիրարկել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը:

«ԱՄՆ-ն չպետք է թուլացնի Ադրբեջանի ագրեսիան: Ոչ էլ Վաշինգտոնը կարող է ներել հայերի դեմ Թուրքիայի զենք վերցնելու փաստը», – գրել են Գրիգորյանը և Ֆիլիպսը: «Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ին անհրաժեշտ է փաստերի վրա հիմնված, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղում մահաբեր բռնության ծավալումը կանխելու համար»:

Համահեղինակներ՝ Դեյվիդ Ֆիլիպս և Վան Գրիգորյան

Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղում բռնկված արյունալի հակամարտության հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Ադրբեջանը խախտել է 1994 թվականից գործող հրադադարը: Չնայած ժամանակավոր զինադադարին՝ իրավիճակը շարունակում է չափազանց անկայուն մնալ:

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պետք է ակտիվացնեն իրենց միջնորդական ջանքերը: Բանակցային գործընթացում պետք է ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները։ ԱՄՆ օրենքն արդեն նախատեսում է պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի դեմ, եթե վերջինս ագրեսիայի դիմի: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է կիրարկի Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը՝ տնտեսական և դիվանագիտական ​​պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի դեմ՝ ի պատիժ վերջինս ագրեսիայի:

Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է Հարավային Կովկասում: Իոսիֆ Ստալինն այն ընդգրկել է Ադրբեջանի կազմում՝ որպես բաղկացուցիչ մաս ավելի լայն նկրտումների՝ ազգային փոքրամասնությունների ձգտումների չեզոքացում Խորհրդային Միությունում: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հանրաքվե անցկացրեց 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը կազմալուծվում էր: Քրիստոնյա հայերը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկեցին մահմեդական Ադրբեջանից անկախությանը: Հակամարտության հետևանքով ավելի քան 20 000 մարդ է զոհվել և ավելի քան 800 000՝ տեղահանվել: Պատերազմն ավարտվեց հրադադարի կնքմամբ, բայց ոչ խաղաղության համաձայնագրով:

1989 թվականին ԱՄՆ-ի Սենատը բանաձև է ընդունել, «[հորդորելով] Խորհրդային Միության ​​նախագահ Գորբաչովին վերականգնել կարգը, վերահաստատել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար անսահմանափակ տնտեսական և մատակարարումների ուղիները, ապահովել [ԼՂ] ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը հարձակումներից և շարունակել խաղաղ կարգավորման խնդրի շուրջ երկխոսությունն այսօրինակ տարածաշրջանի ներկայացուցիչների հետ…. ¦: 1992 թվականին նախագահ Ջորջ Բուշ ավագը որպես ԱՄՆ օրենք վավերացրեց 907 բանաձևը, որն արգելում է աջակցություն տրամադրել Ադրբեջանին, եթե նա նախահարձակ ռազմական գործողություններ  իրականացնի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ: 907 բանաձևը հրադադարի պահպանմանը նպաստող կարևոր զսպող գործոն էր:

2008 թվականին, այդ ժամանակ սենատոր Բարաք Օբաման հավանություն էր տվել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և երկարատև կարգավորմանը, որն ընդունելի է բոլոր կողմերի համար ու հիմնված է Ամերիկայի՝ ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքներին հիմնարար հավատարմության վրա»: Հակամարտության սկսվելուց ի վեր ԱՄՆ բոլոր վարչակազմերը հավատարիմ են եղել խնդրի խաղաղ և բանակցային կարգավորմանը:

1994 թվականից ի վեր Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) գլխավորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղված ջանքերը: ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը լիազորված է որպես միջնորդ հանդես գալ: Այն համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները: Միջնորդներին փոխելու Ադրբեջանի փորձերը մերժվել են:

Լարվածությունն այս «սառեցված հակամարտությունում» աճել է վերջին տարիներին: Ծավալվող և լավ փաստագրված զինադադարի խախտումներ են տեղի ունեցել առանց հետևանքների: Միջազգային հանրության անգործությունը նպաստեց Ադրբեջանի համակարգված հարձակմանը: Վերջերս Ադրբեջանը 4 միլիարդ դոլարի զենք էր գնել Ռուսաստանից: Ապրիլի 2-ին Ադրբեջանն օգտագործեց իր նորացված օդային և ցամաքային զենքերը՝ հարձակվելով բազմաթիվ ճակատներով: Զենքերի թվում էին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Գռադ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ռուսական արտադրության T-90 տանկեր, «Տոս-1Ա Սոլնցեպյոկ» ծանր հրանետներ, ժամանակակից հարվածային ուղղաթիռներ, ինչպես նաև «կամիկաձե» անօդաչու սարքեր:  Ընդհանուր առմամբ ավելի քան 40 հայ զոհվեց, այդ թվում՝ քաղաքացիական անձինք: Ազգությամբ եզդի Հայաստանի քաղաքացի  գլխատվեց ադրբեջանական զորքի կողմից: Ավելի քան 200 ադրբեջանցի զինվոր զոհվեց ռազմական հարձակումների ժամանակ: Ոչ մի տարածքը ձեռք չի բերվել:

Ադրբեջանը միայնակ չի գործել: Համաձայն ականատեսների վկայությունների, թուրքական զորք և սպառազինություն է ներգրավված եղել Իրանի հետ սահմանի մոտ մղված կռիվներում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անմիջապես իր աջակցությունն է հայտնել ադրբեջանական ագրեսիային: «Լեռնային Ղարաբաղը կվերադարձվի Ադրբեջանին»: «Թուրքիան մինչև վերջ կսատարի Ադրբեջանին», – հավելել է Էրդողանը։

Թուրքիան արդեն այս հակամարտության գլխավոր դերակատարներից է: Այս երկիրը Հայաստանը շրջափակման մեջ է պահում 1992 թվականից ի վեր: Էրդողանը տապալեց 2009 թվականին սահմանները բացելու և Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները, որոնց վերաբերյալ բանակցություններ էին տարվել թուրք դիվանագետների հետ:

Ադրբեջանը պնդում է, թե վերջին բախումներում նախահարձակ կողմը Հայաստանն է: Սակայն Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամը և Chatham House-ը հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի ուժերն ադրբեջանական կողմի դեմ հարձակում չեն նախաձեռնել։ 1994 թվականից ի վեր հայերը հետևողականորեն առաջարկել են դիտորդներ տեղակայել ու վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել: Ադրբեջանը հրաժարվել է՝ խնդրի ռազմական լուծման կոչ անելով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ի սկզբանե իր վրա վերցրեց ռազմական հարձակման նախաձեռնությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապավինում է նավթադոլարների, խավիարային դիվանագիտության և իշխանության պահպանման համար կառավարության կողմից հիմնարար ազատությունների ճնշման համադրությանը: Ի դեմս նավթի վերջին գնանկման, Ադրբեջանի տնտեսությունն անկում է ապրում, և տարադրամն արժեզրկվել է: Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը շարունակում է բողոքել ընդդեմ այդ վարչակարգի կողմից լրագրողների և իրավապաշտպանների ազատազրկման: Հայաստանի հետ պատերազմ հրահրելով, նույնիսկ կարճաժամկետ՝ նպատակ ունի ադրբեջանցի ժողովրդի ուշադրությունը շեղել վարչակարգի չարաշահումներից և տնտեսական անկայունությունից:

Գաղտնիք չէ, որ Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Նա կանգնած է Թուրքիայի կողմից իրական սպառնալիքի, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիայի առջև: Միևնույն ժամանակ Հայաստանը լավ հարաբերություններ է պահպանում Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության հետ: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: ՆԱՏՕ-ի պաշտոնյաներից մեկը Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության ապահովման գործում անվանել է «շատ տպավորիչ»: Հայաստանն ավելի քան 20 000 փախստականների է ընդունել Սիրիայից:

Այսօր Լեռնային Ղարաբաղն աշխարհում առավել վտանգավոր վայրերից մեկն է: Սիրիայի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի տարաձայնությունների ֆոնին Լեռնային Ղարաբաղում հնարավոր է [ռուս-թուրքական] «հեռակա պատերազմ»։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության շաhերից է բխում կանխել լայնամասշտաբ պատերազմ՝ տարածաշրջանային հետևանքներով:

ԱՄՆ-ն և Ռուսաստանն ավելի ջանասիրաբար են համագործակցել Սիրիայի հարցում: Նրանք պետք է ակտիվացնեն համագործակցությունը նաև Մինսկի խմբի շրջանակներում: Մասնավորապես, ԵԱՀԿ-ն պետք է դիտորդներ տեղակայի Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ հետագա ագրեսիան կանխելու նպատակով: Հայկական կողմը պատրաստակամ է:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերականգնի իր նախնական ձևաչափը` բանակցություններին ներգրավելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին: Նրանք պետք է մասնակցեն քաղաքական բանակցություններին, որոնք ազդելու են խաղաղության ու իրենց ժողովրդի անվտանգության վրա:

ԱՄՆ-ն չպետք է թուլացնի Ադրբեջանի ագրեսիան: Ոչ էլ Վաշինգտոնը կարող է ներել հայերի դեմ Թուրքիայի զենք վերցնելու փաստը», – գրել են Գրիգորյանը և Ֆիլիպսը: «Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ին անհրաժեշտ է փաստերի վրա հիմնված, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղում մահաբեր բռնության ծավալումը կանխելու համար:

Վան Գրիգորյանն Ամերիկայի հայկական համագումարի համանախագահն է: Դեյվիդ Ֆիլիպսը Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ինստիտուտի Խաղաղաշինության և մարդու իրավունքների ծրագրի ղեկավարն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930