Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժանի հակահարվածը ո՞րն է, որ հովիվը իր որսորդականով խփել է իրենց ԱԹՍ-ն, դա՞ է». մանկավարժները բորբոքված են

Ապրիլ 12,2016 22:25

Այսօր Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված 20-ամյա սերժանտ Ադամ Սահակյանի հոգեհանգիստն էր Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում:

«Ադամը ոչ թե խիզախ էր, այլ հերոս է, որովհետեւ ինքն իր կյանքը տվել է, որ մենք այսպես հանգիստ ապրենք, շնչենք այս օդը: Ինքը գիտակցաբար է գնացել դրան»,- մեզ հետ զրույցում նրան այսպես նկարագրեցին թիվ 114 դպրոցի մանկավարժները: Այդ դպրոցում է սովորել Ադամը:

Մանկավարժները բորբոքված էին. «Մինչեւ ե՞րբ պետք է ներվեն թուրքի վայրագությունները, բարբարոսությունները»:

Մեր դիտարկմանը, որ ՀՀ եւ ԼՂՀ պատկան մարմինները հայտարարություն են տարածել Ադրբեջանի վայրագությունները դատապարտող՝ դպրոցի ուսմասվարը պատասխանեց. «Եվ կընդունե՞ն, 1915 թվականինն ընդունեցի՞ն: Պետք է ազգով կանգնեն, որ ընդունեն, որովհետեւ մենք չգիտենք ինչո՞վ են առաջնորդվում թուրքերը, որ կարողանում են հոշոտել այդպես, խոշտանգել, նույն մարդն են, նույն սիրտն ու հոգին ունեն: Եթե մենք տեսնում ենք, որ մեր ձեւով չենք կարողանում իրենց դեմ, մենք էլ պետք է իրենց ձեւով գնանք, որ հասկանան»:

Մեր դիտարկմանը, որ մենք դրան ընդունակ չենք, մենք հենց դրանով ենք տարբերվում հակառակորդից՝ մանկավարժներից մեկը պատասխանեց. «Դե ընդունակ չեք, թողեք , թող կոտորեն: Պետք է իրենք մի օր հասկանան, որ դիմացինը թույլ չէ: Պետք է հակահարված տալ, ինչպես 90-ականներին»:

Երբ ասացինք, որ այս անգամ էլ արժանի հակահարված ենք տվել, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր՝ նրանք հակադարձեցին. «Ի՞նչ արժանի հակահարված ենք տվել, ինչքա՞ն զոհերի հաշվին: Հակահարվածը ո՞րն է, որ հովիվը իր որսորդականով խփել է իրենց ԱԹՍ-ն, դա՞ է  արժանի հակահարվածը իրենց, որ դուք գտնում եք: Ինչքա՞ն կարելի է մարդկանց հերոսության ու խիզախության վրա խաղալ»:

Մանկավարժները քննադատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. «Չի կարելի տարիներ շարունակ ջուր ծեծել: Պետք է նստել ու հարցը լուծել: Ամպագոռգոռ բաներ են ասում, բայց կարելի է մի անգամ արժանի հակահարված տալ, որ լուծումը գտնեն: Ինչքա՞ն կարող ենք մենք հումանիստ լինենք, ինչքա՞ն: Ինչքա՞ն պիտի մեր մայրերը լացեն, արդեն ամբողջ ազգը հիվանդ է դարձել: Ամեն օր ինտերնետ ես միացնում, տեսնում ես՝ ով մահացավ: Քո ազգն է, քո երեխան է: Սահյանն ասել է՝ երկիրը կառավարությանն է, երբ պատերազմ է սկսում, անունը դնում են հայրենիք ու տալիս մեզ»:

Ուսուցիչներից մեկի խոսքերով՝ «Ուզում ենք լսել, որ այսինչի երեխան սովորել է, ավարտել է, ամուսնացել, երեխա է ունեցել, երջանիկ է, ոչ թե 97 թվին, 96 թվին է ծնվել՝ մահացել է, խոշտանգել են, գլուխն են  կտրել: Ինչի՞ ենք թույլ տալիս, մենք պետք է իրենցից վա՛տ վերաբերվենք»:

Մեր դիտարկմանը՝ մենք հո չե՞նք կարող խաղաղ բնակչի ականջ կտրել, գլուխ կտրել՝ ուսուցիչը պատասխանեց. «Բայց կարող ենք միանգամից մի գյուղ վերացնել ու պիտի՛ անենք: Հանդուրժում ենք, դրա համար մտածում են՝ թույլ ենք: Ես իմ աշակերտներին հաստատ հայրենասիրություն եմ քարոզում, բայց հայրենասիրության մեջ կա մի բան, որ պիտի կանգ առնես: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Պատերազմում զոհ ունենալը բնական է, բայց սա պատերազմ չէ, սա հարձակում է»:

Ուսուցիչներից մեկի խոսքերով՝ «Ամենասարսափելին այն է, որ մենք հիմա կգնանք տուն, մեր զավակների հետ կնստենք սեղան, բայց Ադամի մայրը չի նստի: Մենք չենք կարող իր ցավը հասկանալ, ինչքան էլ ցավում ենք, չենք կարող Ադամի տեղը լրացնել: Մենք բոլորս պետք է համախմբվենք ու մեր բացակա տղաների տեղը պայքարենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930