19-ամյա Գրիգոր Հարությունյանը զոհվել է Ջաբրայիլում, ադրբեջանական կողմի հարձակման հենց առաջին օրը: Այսօր նրա հոգեհանգստին մորեղբայրը՝ Գագիկ Ստեփանյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ մահվան հանգամանքներից շատ տեղեկություններ չունեն. «Ըստ երեւույթին, փորձել են պաշտպանվել, իրենց պահվածքն այդ է ցույց տալիս: Պատմությունից հիշում ենք, որ անընդհատ հարձակվում են, մենք պաշտպանվում, վատն այն է, որ պաշտպանվում ենք, չենք հարձակվում: Պետք է մի անգամ էլ դաս տանք»:
Վերջին անգամ Գրիգորը ծնողների հետ խոսել է մարտի 31-ին, ըստ մորեղբոր. «Ուրախ տրամադրությամբ, ասում էր՝ ամեն ինչ լավ է: Գոհ էր իր ծառայությունից, դիրքից, տեղից, երբեք չի դժգոհել»:
Գրիգոր Հարությունյանը միակողմանի ծնողազուրկ է, ունի երկու եղբայր, մեկ քույր: Նա մեկն է այն 18 անհետ կորած զինվորներից, որոնց մարմինները նախօրեին են հանձնվել հայկական կողմին: Ըստ պաշտոնական տեղեկատվության, մարմինները եղել են անարգված ու անդամահատված:
«Մեր երեխան նորմալ վիճակում է եղել»,- վստահեցրեց Գրիգորի մորեղբայրը:
Կարդացեք նաև
Այսօր Գրիգորին հրաժեշտ ասելու էին եկել նաեւ նրա մանկության ընկերները: «Միասին ենք մեծացել, շատ լավ անձնավորություն էր: Չենք հավատում, շատ լավ անձնավորություն էր, հումորով, ամեն ինչին հասնող, օգնող, լավ մարդ էր, լավ ընկեր: Էնքան բան կա նրա մասին ասելու, որ այս պահին չենք կարողանում»,- ասացին նրա մանկության ընկերներ Վաղարշակ Դանիելյանն ու Ռոբերտ Դոխոյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ