Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքային Տիգրան Բերակչյանն այս կյանքում ապրեց կարճ ու անմահացավ

Ապրիլ 12,2016 21:55

Ջաբրաիլում Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ անմահացած շարքային Տիգրան Բերակչյանի հոգեհանգիստը կատարվեց Հայ Առաքելական եկեղեցու եւ զինվորական կանոններով:

-Բերակչյան_1 -Բերակչյան_3

Հարազատները, ընկերները եւ նրան ճանաչողները սգում էին ծանր կորուստը: Արտահայտվելու ցանկություն ունեցողները շատ չէին: Բոլորն էլ առանձնացնում էին Տիգրանի ընկերասիրությունն ու կենսասիրությունը: Մարտի 22-ին էր լրացել Արցախի բանակի զինվորի 19-ամյակը, որը շատ մեծ ցանկություն է ունեցել ծառայել Լեռնային Ղարաբաղում: Թե ինչպես է զոհվել Տիգրանը, հարազատները մանրամասն չգիտեն: Հայտնի է միայն, որ Հայրենիքի 19-ամյա քաջարի զինվորը զինակիցների հետ միասին հերոսական պայքար է մղել թշնամի ցեղախմբի դեմ ու դիրքերը չզիջելով մարտիրոսացել է: Ասում են՝ հետո հայտնվել է անհետ կորածների ցուցակում ու…

Տիգրանի կրտսեր եղբայրը՝ Նարեկը, իր 16-17 տարեկան դասընկերների հետ թեեւ ընկճված է, բայց աչքերում ցավից ավելի կրակ կա: Նրանք սպասում են զորակոչվելու իրենց հերթին, որպեսզի եղբոր ու ավագ ընկերոջ վրեժը լուծեն: «Վերջին անգամ եղբորս հետ խոսել ենք ապրիլի 1-ի ցերեկը: Տրամադրությունը նորմալ էր: Ի՞նչ իմանայինք, ի՞նչ իմանար, որ հենց այդ գիշեր թշնամին խոշոր ուժերով ու արգելված զինատեսակների կիրառումով գաղտագողի հարձակվելու է», – ասաց Նարեկը:

Տիգրանը սովորել է Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջում, սակայն որոշ ժամանակ անց դուրս է եկել: Համակուրսեցի Միքայել Սոխիկյանը Տիգրանի դրանից հետո էլ շարունակել է նրա հետ ընկերություն անել: «Մարտի 30-ին՝ մոտ մեկ շաբաթ ուշացումով զանգեցի ու շնորհավորեցի Տիգրանի ծնունդը: Ինչպես միշտ, կատակներ էր անում: Կարճ զրուցեցինք: Նրան բարի ծառայություն մաղթեցի: Հավատս չի գալիս, որ ամեն բան այսպես ավարտվեց», – ասաց համակուրսեցին:

Հոգեհանգստի մասնակիցները միմյանց հետ զրուցում էին, վերլուծում իրավիճակը, քննարկում, թե ինչ է հարկավոր անել: «Մեր բոլոր զինվորներն էլ իսկական հերոս են, առյուծ տղաներ», «Թուրքը միայն ուժի լեզուն է հասկանում: Դեռ Սուվորովն է ասել. եթե մի անգամ թուրքին փախուստի մատնեցիր, այլեւս ետեւից չես կարող հասնել», «Անհրաժեշտ է առաջին հերթին բանակաշինությամբ զբաղվել, պետք է հայ սպան, զինվորը ամենից ավելի բարձր վարձատրվեն, այլ ոչ թե դատախազներն ու դատավորները», «Եթե մեր մեծահարուստներն ու որոշ չինովնիկներ շքեղ առանձնատներ կառուցելու, ավտոմեքենաներ գնելու, անձնական բիզնեսներն ընդլայնելու փոխարեն դրանց համար ծախսվող հսկայական գումարների մի մասը ծառայեցնեին բանակը հզորացնելուն, այսօր կունենայինք առավել հզոր բանակ», «Եթե հայ զինվորը նռնականետով թշնամու ուղղաթիռ է ոչնչացնում, իսկ նման բան աշխարհում արել է միայն Ռեմբոն, այն էլ՝ ֆիլմում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր կաներ, եթե ավելի ժամանակակից զենք ունենար», – միակարծիք են բոլորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930