Քիչ առաջ Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում տեղի ունեցավ Ջեբրայիլում նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոգեհանգիստը: Մարզային, քաղաքային իշխանություններից, շարքային գյումրեցիներից բացի իրենց հարգանքի տուրքը եկել էին մատուցելու մեծ թվով զինվորականներ: Չնայած 10 տարի է՝ Ալեքսան Առաքելյանը Գյումրիում չէր բնակվում, իրեն նվիրել էր Արցախին, հայրենիքի պաշտպանությանը, սակայն գյումրեցիները նրան լավ են ճանաչում:
Արցախում ծառայած գյումրեցի զինվորներից մեկի բնութագրմամբ, Ալեքսան Առաքելյանը չգիտեր վախն ինչ է, որ վայրկյանին մտքով անցներ, մենակ կգնար դիրքեր: Թշնամին նրանից շան դող է տվել ու «Մառոզ Ալիկ» անունը կնքել:
Ալեքսան Առաքելյանի հարազատների ասելով, նա իր հետ Արցախ բնակության էր տարել նաեւ ընտանիքը: Նա երկու երեխաների հայր է. ունի մեկ որդի՝ երկու տարեկան ու 8-ամյա դուստր: Ալեքսան Առաքելյանի մորաքրոջ դուստրը՝ Հերմինե Մկրտչյանը մեզ պատմեց. «Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կրակոցներ է լսել, հագնվել ու շտապել է դիրքեր, մտածել է, թե դիվերսիա է: Ինքն ու հրամանատարի մյուս երեք տեղակալները գնացել են՝ չիմանալով, որ Ջեբրայիլի դիրքերն արդեն գրավված են, բոլորով հայտնվել են թուրքերի դեմ դիմաց: Ալեքսանը իր զինվորներին հետ է ուղարկել ու կռվել, սկզբից ուսից է վիրավորվել, հետո փորձել է փրկել իր զինվորներին, թշնամին դարձյալ կրակել է իր ուղղությամբ ու մահացու վիրավորում է ստացել»:
Կարդացեք նաև
Թշնամին, որը միշտ ահուսարսափի մեջ է ընկնել Ալեքսանի շուքը տեսնելիս, մարմինը պահել էր իր մոտ, նախորդ օրը նոր միայն փոխանցեց հայկական կողմին, նա հայկական կողմին փոխանցված 18 զոհերի մեջ էր:
8-ամյա դուստրը, որն այսօր է իմացել հոր մահվան մասին բակի երեխաներից, սկզբում չի հավատացել ասել է՝ իմ հայրը հավերժ է, հետո ամբողջ օրը կրկնել է. «Մեծանամ զինվորական եմ դառնալու, որ Ալիեւին սպանեմ»:
Վաղը գյումրեցի հերոսին կհուղարկավորեն թատրոնի շենքից. մեր տեղեկություններով, հուղարկավորությանը կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Հերոսի մարմինը, թեեւ հարազատ քաղաքում է, սակայն սիրտը՝ Արցախի լեռներում է: Նրա մորաքրոջ դուստրը՝ Քրիստինե Մկրտչյանը, իր ֆեյսբուքյան էջում, տեղադրելով հերոսի նկարները, մեջբերել է նրա խոսքերը. «Ես չեմ կշտանա իմ Արցախից, սուրբ է այնտեղ ամեն բան…Ջեբրայիլում ավազի ամեն մի հատիկ ոսկի է, երբ այնտեղ շնչում եմ, օդը լրիվ թոքերիս հասնում է, գլուխս այնտեղ երբեք չի պտտվում, որ Գյումրի եմ գալիս, կիսատ եմ դառնում, որովհետեւ սիրտս մնում է այնտեղ՝ Ջեբրայիլում»:
Հերոսի նկարները՝ Քրիստինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ