Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրահեղ ծանր 3 վիրավորները հիմա էլ հոսպիտալում են ապրելու համար պայքարում. (Տեսանյութ)

Ապրիլ 12,2016 21:33

Կենտրոնական կլինիկական զինվորական  հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ Արտաշես Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին հոսպիտալում բուժում են ստանում վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների ժամանակ վիրավորված 41 զինվորականներ, որոնցից 3-ը երկրապահ կամավորական միության անդամներ են, 7-ը վերակենդանացման բաժանմունքում են:

Խաչատրյանի խոսքերով՝ 3 զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է, նրանց կյանքի համար բժիշկները պայքարում են, կարելի է ասել՝ կյանքը մազից է կախված, բայց անհրաժեշտ բոլոր տեսակի բուժօգնությունը տրամադրվում է:

Անցյալ տարվա դեկտեմբերին, կրկին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծանր վիրավորված Արմենակ Առուստամյանի՝ A1plus.am-ի տված հարցազրույցը դժգոհության ալիք բարձրացրեց: Հոսպիտալի պետի տեղակալը նաեւ այս դեպքին անդրադարձավ:

Հիշեցնենք, որ Արմենակ Առուստամյանը պատմել էր, որ առանց հենակների չի կարողանում տեղաշարժվել, հոսպիտալում իրենից մոր անձնագիրն էին պահանջել հենակները նրան տրամադրելու համար. «Մայրս էլ դպրոցում է աշխատում, անձնագիրը նրան պետք էր, գնաց որ վերցնի, ասեցին այդ խադունոկը բերեք, որ անձնագիրը տանք, մայրս էլ ասեց, որ տղաս դրանով է քայլում է, ո՞նց հետ տամ, ասեցին՝ չէ չենք կարող դա ձեզ տալ»:

Արմենակի մայրն էլ պատմել է, որ որդու հետվիրահատական ծախսերը հոգալու համար ընտանիքն  աջակցության կարիք ունի, ընտանիքի միակ խնամակալը մայրն է, որն  ընդամենը 35 հազար դրամ աշխատավարձ է ստանում.«Իր աղիքը հիմա դուրսն է, էդ աղիքի համար պարկեր են պետք, արդեն բժիշկներն ինձ ասում են, որ առեք բերեք այդ պարկերը, որ մենք դնենք»:

Հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանն ասաց, որ Արմենակը հոսպիտալ է տեղափոխվել դեկտեմբերին՝ բազմաթիվ վնասվածքներով, այդ պահին անհրաժեշտ բուժօգնությունը ստացել է, իսկ հիմա նրա բուժումն ընթանում է ըստ ծրագրի: Արմենակի բուժման հաջորդ փուլը, ինչպես վստահեցրեց Խաչատրյանը, առաջիկայում է լինելու. «Պարզապես ժամանակ է հարկավոր հաջորդ միջամտության համար: Նրա աղիների ամբողջականությունն էլ վերականգնվելու է: Որեւէ խնդիր չկա, անհանգստանալու կարիք չկա, Արմենակին հետագա անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվելու է: Մենք նրա եւ նրա մայրիկի հետ կապի մեջ ենք միշտ լինում, Արմենակը մեր հսկողության տակ է, իրենք էլ լավ գիտեն, որ բուժումը շարունակվում է»:

Ինչ վերաբերում է հենակներին, ապա պարոն Խաչատրյանն ասաց, որ հոսպիտալի գույքն է, եւ կարգն է այդպես, այսինքն, իրենք անօրինական ոչինչ չեն արել: Ըստ Խաչատրյանի, ուղղակի շատ են լինում դեպքեր, երբ հենակները տանում են եւ չեն վերադարձնում, իսկ դա խնդիր է առաջացնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930