Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկության գիտական առաջընթացը չպետք է մահաբեր լինի». Արմեն Աշոտյան

Ապրիլ 12,2016 21:24

«Կարող ենք հույսեր փայփայել, որ մի գեղեցիկ օր կունենանք հայազգի Նոբելյան մրցանակակիր: Բայց հիմա դեռ վաղ է այդ մասին խոսելը»,- այսօր՝ «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման մեկնարկից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա համոզմամբ, անկախ նրանից, թե ինչ ոլորտի գիտնականներ են համախմբվում այս կամ այն առիթով, անհրաժեշտ է հիշել, որ գիտությունը պետք է ծառայի խաղաղությանը. «Մարդկության գիտական առաջընթացը չպետք է մահաբեր լինի, ինչպես լինում է ժամանակակից զենքի օգտագործման դեպքում: Կարծում եմ, որ հատկապես այս օրերին կարևոր է խոսել նաև այդ մասին»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը հիշեց, որ մի քանի տարի առաջ ինքը՝ որպես պաշտոնավարող նախարար, առիթ ունեցել է հանդիպելու այժմ Երևանում գտնվող Նոբելյան մրցանակակիրներից մեկի՝ Ահարոն Չեխանովերի հետ. «Շատ հետաքրքրիր էր նրա հետ առանձնազրույցում լսել, թե ինչպես է զարգանում գիտությունն Իսրայելում: Ամենահետաքրքիրն այն էր, որ նա բողոքում էր գիտնականների արտագաղթից դեպի ԱՄՆ:

Մենք սովոր ենք խոսել, որ հայ ժողովուրդն իր պատմությամբ շատ զուգահեռներ ունի հրեա ժողովրդի հետ, բայց այդ զուգահեռները կյանքի կոչելու համար պետք է գտնել ազգի իրական ներուժի համախմբման մեխանիզմները: Այսօր մենք այդ ճանապարհը չենք հաղթահարել: Մենք դեռ մեր ազգային, մարդկային կապիտալը լավագույնս չենք կարողացել օգտագործել»,­- ասաց Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ ապրիլի 12­-15-­ն անցկացվող «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման նախաձեռնողը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է: Միջոցառմանը, Ահարոն Չիխանովերից (Իսրայել) բացի, մասնակցում են նաև Էյ­-Իշի Նեգիշին (Ճապոնիա), Դեն Շեխտմանը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել) և Ջոն Ուորենը (Ավստրալիա), որոնք հինգ օրվա ընթացքում դասախոսություններ կկարդան հայ գիտնականների և ուսանողների համար:

«Մենք մեծ սպասելիքներ ունենք նրանց դասախոսություններից,- լրագրողների հետ զրույցում ասաց Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը,- նրանք կներկայացնեն գիտության այն ճյուղերը, որոնցում չափազանց բարձր արդյունքների են հասել: Այդ արդյունքներն այս կամ այն կերպ կապված են բժշկության հետ և նպաստում են բժշկագիտության զարգացմանը:

Բացի դրանից, նաև ակնկալում ենք մեր հյուրերի ղեկավարությամբ մշակել գիտական նոր ծրագրեր, որոնք հետագայում հնարավորություն կտան շարունակաբար ընդգրկվելու նրանց ղեկավարած գիտական հետազոտությունների մեջ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930