Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկերներին ասել է՝ փախեք, ես դրանց կպահեմ, ու Ադամին գտել են սպանված. «Լույսի շող» Ադամի հոգեհանգիստը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 12,2016 21:12

«Լույսի կտոր էր, լույսի պես տղա՝ կիրթ, դաստիարակված, զուսպ». Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված 20-ամյա սերժանտ Ադամ Սահակյանի հոգեհանգիստն էր ու ով դուրս էր գալիս եկեղեցուց, արցունքն աչքերին խոսում էր այդ «լույսի շողի» մասին:

Սոցցանցերում այս օրերին պտտվում էր անհետ կորածների ցուցակում գտնվող Ադամի՝ ժպիտը դեմքին լուսանկարը ու բոլորն աղոթում էին, հավատում էին, որ Ադամը գալու է:

Ծանոթ-անծանոթ, կին-տղամարդ հոգեհանգստի ժամանակ հեկեկալով լաց էին լինում: ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հերմինե Նաղդալյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը արցունքներն էին սրբում՝ չկարողանալով բառեր գտնել՝ հարազատներին սփոփելու համար: Ցավակցելու էր եկել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Ադամի ընկերները գրկել էին նրա դագաղն ու բաց չէին թողնում: Նրա հորեղբայրը՝ Ժորան, մեզ հետ զրույցում հոնգուր-հոնգուր լաց էր լինում. «Ի՞նչ ասեմ, բալա ջան: Ասելու բան չի, չեմ կարում ասեմ: Վերջին անգամ հետը խոսացել եմ 1- 1.5 ամիս առաջ, դեռ կռիվը չէր սկսել: Ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ լավ ա: Շատ սիրով էր ծառայում: Եթե սիրով չգնար բանակ՝ էդ քայլին չէր դիմի»:

Ադամ_1 Ադամ_2 Ադամ_3 Ադամ_5 Ադամ_6 Ադամ_7 Ադամ_4 Ադամ_8 Ադամ_9 Ադամ_10 Ադամ_11 Ադամ_12 Ադամ_14 Ադամ_13 Ադամ_15 Ադամ_16

Թե ինչ հանգամանքներում է զոհվել Ադամը մեզ պատմեցին. «Սերժանտ Ադամ Սահակյանը եղել է Ջեբրայիլի առաջնագծի 112 դիրքի ավագը, կռիվը սկսելուն պես, տղեքին ասելով՝ փախեք, մինչև վերջ մարտնչել է և հետ քայլ չի արել, զոհվել է հերոսի մահով՝ դեմքին ստացած հրազենային կրակոցներից: Ասել էր՝ արխային փախեք, ես կպահեմ ու…չի հասցրել: Հետո իմացանք, որ անհետ կորածների մեջ է, 3-4 օր չէին գտնում, հետո գտան…Մենք գիտեինք՝ նա սաղ է, բայց բանից դուրս է գալիս, որ էլ չկա ինքը: Պաշտպանության նախարարություն էինք անընդհատ կապվում, ասում էին՝ չենք գտել, բան չգիտենք: Մենք էլ որեւէ կապ չունեինք, որ հեռախոսով զանգեինք: Լարված օրերին մեկը զանգել էր ընկերներից, ասել էր՝ ստեղ ա, Ջաբրայիլում ա, ես հեռվից տեսել եմ»:

Ադամ Սահակյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը, ժամը 13.00-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930