Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյան. «Զոհվելուց բացի, ժողովուրդն այլ իրավունքներ էլ ունի»

Ապրիլ 12,2016 20:30

Ապրիլի 2-ին Արցախում ադրբեջանական կողմից սանձազերծված չորսօրյա պատերազմից հետո մենք ազգովին եւս մեկ անգամ պետք է լրջորեն մտորենք եւ արցախյան հիմնախնդրի, եւ հայությանն առնչվող այլ խնդիրների ներկա իրավիճակների, հնարավոր հետագա զարգացումների եւ լուծումների մասին: Aravot.am-ի հետ զրույցում իր կարծիքը փոխանցեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը:

ՀԱՍԿ-ում կարծում են, որ արցախյան խնդիրն ի սկզբանե ինքներս ճիշտ չընկալեցինք եւ միջազգային հանրությանը ճիշտ չներկայացրեցինք: Մեր զրուցակիցը նկատի ունի այն, որ արցախյան շարժման վրա իշխանության եկած ՀՀՇ-ն եւ այդ շարժման ալիքով անկախություն հռչակած գործիչները, արցախյան հիմնախնդիրը ներկայացրեցին իբրեւ ինքնորոշման խնդիր: Ապա, 1990-ականների սկզբին, ՀՅԴ-ն իր հետ մի նոր մոտեցում բերեց`հարցը մատուցելով Հայ դատի եւ պահանջատիրության տեսանկյունից: 1991-92-ի քննարկումների ընթացքում, զուտ մարտավարական խնդիրներից ելնելով, որոշվեց Արցախն անկախ հռչակել ու խնդիրը ներկայացնել իբրեւ ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքար`անտեսելով ԳԽ-ի 1988-ի որոշումը, որով Արցախը Հայաստանի մաս էր հանդիսանում:

«1994-ին մենք հաղթանակով գնացինք զինադադարի`ազատագրելով ոչ միայն մարզը, այլ պատմականորեն հայկական շրջական տարածքները, որոնք բնակեցված էին ադրբեջանցիներով: Բայց հիմա հարցին նորովի անդրադառնալու խնդիր կա`պատմական իրողության եւ արդարության տեսանկյունից: Մանավանդ, այս չորսօրյա պատերազմից հետո հասարակության մոտ արդիական հարցադրում կա`ի՞նչ անել: Հիմա շատ ճակատագրական վիճակ է ու չի բացառվում, որ այս խնդրի լուծումը պայմանավորի մեր ժողովրդի հետագա ընթացքը: Այս խնդրում մենք տանուլ տալու իրավունք չունենք»,- ասաց Մովսես Շահվերդյանը`հավելելով, որ հարցի լուծումը կարեւորում է ոչ միայն ռազմական տեսակետից, այլ նաեւ դիվանագիտական եւ քաղաքական, որտեղ, ավանդաբար, ցավոք, ցույց, տանուլ ենք տվել:

Նա վստահ է, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է նորից հարձակվել եւ մենք դրան պատրաստ պիտի լինենք. «Թուրքերն այն ժողովուրդն են, որոնք հոգեբանությամբ միշտ ագրեսիվ են, պատրաստ են հարձակման, նվաճման եւ հակառակորդին ոչնչացնելու: Ի տարբերություն շատ փորձագետների, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը արկածախնդրության գնաց: Հակառակը, սա շատ լավ մտածված եւ պլանավորված քայլ էր թե ռազմական, թե քաղաքական տեսակետից: Այս պահին ադրբեջանական բանակն իր նյութատեխնիկական բազայով զգալիորեն գերազանցում էր հայկական բանակին, քանի որ ռուսական 200 միլիոնի վարկով գնված սպառազինությունը դեռ Հայաստան չէր հասել: Մի քանի ամիս հետո չէին կարող անել`հավասարակշռություն կլիներ: Իսկ քաղաքական առումով, Ադրբեջանի ղեկավարությունը երբեք էլ չի թաքցրել, որ ցանկանում է փոխել իրավիճակը`ԼՂՀ բանակցային գործընթացում: Ընդունենք, որ դա Ադրբեջանին այսօր հաջողվեց: Միջազգային արձագանքները փաստում են, որ ԼՂՀ խնդրի շուրջ այսօր արդեն նոր իրավիճակ է ստեղծվել»:

Այս համատեքստում, մեր զրուցակիցը Հայաստանում թիվ մեկ խնդիրը համարում է քաղաքականության փոփոխության խնդիրը. «Անկախության հռչակումից ի վեր, արդեն 25 տարի է, չնայած իշխանություններում եղած տարբեր փոփոխություններին, վարվում է նույն քաղաքականությունը`թե տնտեսական բնագավառում, թե ներքին, թե արտաքին, թե սոցիալական եւ այլն: Հայաստանում, իշխանափոխությունը պետք է հանգեցնի քաղաքականության արմատական փոփոխությունների`բոլոր բնագավառների»:

Այս առումով, մեր զրուցակիցը կարեւորում է առաջիկա խորհրդարանական ընտրությունները ու ցավով է արձանագրում, որ հասարակությունը, որը դժգոհ է իշխանությունից, չի տեսնում նաեւ դրա այլընտրանք ուժը, որին կտա իր ձայնը: «Քաղաքական ուժերը շուտով նորից կմտնեն ընտրական թեմայի մեջ, որից շեղվեցին այս պատերազմական թոհուբոհում: Այս ընտրությունները մեր պետության ու ժողովրդի համար շատ կարեւոր են լինելու, քանզի առաջին անգամն է, որ Հայաստանում մեկ համապետական ընտրություն է լինելու, որը փոխարինելու է եւ նախագահական, եւ խորհրդարանական ընտրություններին:

Ուստի, եթե այս ընտրություններն իրենց իրական դերը չկատարեն, Հայաստանը շատ ավելի բարդ իրավիճակում է հայտնվելու. թե Արցախի, թե Հայաստանի առջեւ կանգնած խնդիրների լուծումը կախված են լինելու այն քաղաքական օրակարգից, որը կձեւավորի մեր հասարակությունը եւ կկարողանա իրականացնել»,- ասաց Մովսես Շահվերդյանը` համոզմունք հայտնելով, որ անկախ ամեն ինչից, այդ թվում նաեւ իշխանության կամքից, առաջիկա ընտրություններն ազատ եւ արդար են լինելու, առանց կեղծիքների, քանզի իրավիճակն է այդպիսին: «Մեր հերոսական ժողովրդին չպետք է նայել, որպես մի զանգված, որի վրա դրված է հայրենիքի համար դժվարին պահերին նահատակվելու սուրբ իրավունքը: Այս ժողովուրդն իրավունք ունի նաեւ իր համար իշխանություններ ձեւավորելու, իր ճակատագրի կարեւորագույն հարցերը տնօրինելու: Զոհվելուց բացի, ժողովուրդն այլ իրավունքներ էլ ունի ու պետք չէ խանգարել դրանց իրացմանը»,-ասաց մեր զրուցակիցը:

Մովսես Շահվերդյանը նաեւ հայտարարեց, որ այսօր դրված է խնդիր` իշխանությանն այլընտրանք քաղաքական ուժ ձեւավորելու, որն ընտրություններին այլընտրանքային ծրագրով կներկայանա. «Դրա անհրաժեշտությունը կա, հնարավորությունները կան, ձեւաչափը մենք տեսնում ենք»:

Այլ մանրամասները նա կհաղորդի առաջիկայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930