Հայաստանի ամերիկյան համալսարանում ապրիլի 12-ին դասախոսություն էր կազմակերպվել «Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի կոնֆլիկտները. նմանությունները միջազգային իրավունքում եւ տարբերությունները «ռեալ պոլիտիկում»: Դասախոսությունը վարում էր համալսարանի շրջանավարտ, փորձագետ Արեւիկ Անափիոսյանը:
Բանախոսը նախ ներկայացրեց երկու կոնֆլիկտները, թե ովքեր են այնտեղ գլխավոր դերակատարները, սակայն իր ներկայացման ընթացքում ապագայի մասին սպասելիքների հարցը թողեց անպատասխան: Նա նկատեց, որ եթե Կոսովոյի դեպքում խնամակալ երկիրը Ալբանիան է, որի դերակատարությունը այդքան էլ չի զգացվում, Լեռնային Ղարաբաղի դեպքում հակառակն է՝ Հայաստանի դերակատարությունը շատ ավելի շատ է, ինչը իր կարծիքով՝ խնդրահարույց է. Հայաստանը դիվանագիտական սխալ է կատարել:
«Մենք շատ ներքին սխալներ ենք գործել: Միայն այն չէ, որ Հայաստանը շատ ազդեցություն է ունենում այն ամենի վրա, ինչ կատարվում է Ղարաբաղում, բայց մենք նույնիսկ տեղերով ենք փոխում նախագահների եւ այլ պաշտոնատար անձանց»,- ասաց Արեւիկ Անափիոսյանը:
Անդրադառնալով, ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած աշխատանքներին, նա ասաց, որ չի կարծում, որ Մինսկի խումբն արդյունավետ է: Ըստ Արեւիկ Անափիոսյանի Մինսկի խմբի համանախագահները սուրհանդակներ են, որոնք կարող են ունենալ նոր գաղափարներ, բայց այդ ամենը կախված է ոչ թե կոնֆլիկտի կողմերից, այլ միջազգային հանրությունից. «Դա նման է ժողովրդավարությանը. Ժողովրդավարությունը լավագույն բանը չէ, բայց լավագույնն է, որ մենք ունենք: Նույն էլ Մինսկի խումբը՝ Մինսկի խումբը լավագույնը չէ, բայց լավագույնն է, որ մենք ունենք այս պահի համար»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ