Մեր հանրապետությունում ծնված երեխայի հերթական մահը գրանցվեց. Նարեկը ծնվելուց հետո ընդամենը 41 օր ապրեց: Այսօր նորածնի հարազատներն, այդպես էլ չիմանալով, թե ի վերջո երեխան ինչից մահացավ տանում էին նրան հուղարկավորելու: Ախտորոշումը` թթվածնային քաղց: Բայց թե ե՞րբ, կնոջ հղիության որ շրջանում, ինչպես այն զարգացավ, որեւէ մեկը հարազատներին որեւէ բացատրություն չի տալիս: Նարեկը լույս աշխարհ է եկել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանը: Նրա մայրն իր հղիությունն անցել է բժիշկ-գինեկոլոգ Արմինե Մխիթարյանի մոտ:
Aravot.am-ի հետ զրույցում երեխայի հորական տատիկը` Լիաննա Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ նորածնի մահը բժշկական անձնակազմի մեղքով է. ժամանակին բուժօգնություն չի ցուցաբերվել, մինչդեռ հղի կինը գանգատներով դեռեւս մեկ ամիս առաջ է դիմել իր բժշկին` ասելով որ մեջքի շրջանում ուժեղ ցավեր ունի. հանգստացրել են տուն ուղարկել` ասելով, որ ոչ մի վտանգավոր բան չկա, եւ որ դրանք շաբաթական ցավեր են: Տիկին Մարտիրոսյանը նաեւ պատմեց, որ բժիշկը ցավերը հանգստացնող դեղամիջոց է նշանակել այդ թվում եւ մոմիկներ ու ասել, որ այցելեն հերթական կոնսուլտացիայի օրը:
«Բայց ցավերը չէին դադարում: Առաջին անգամ ցավի գանգատներով փետրվարի 24-ին գնացինք, ցավազրկող նշանակեցին տուն ուղարկեցին, երկրորդ անգամ գնացինք փետրվարի 29-ին: Բուժքույրը լսեց երեխայի սրտի զարկերն ասաց, որ 130 է, բայց միշտ 140 է եղել: Մենք կրկին ասացինք, որ ցավերը չեն դադարել, ասացին գնացեք, երբ իսկական ցավերը կլինի կգաք: Մարտի 1-ին ծննդաբերական ցավերը սկսվեց, արագ` 40 րոպեում, հասցրեցինք հիվանդանոց: Մինչ այդ, նախորդ օրերին, բժշկին զգուշացրել էինք, որ արյուն էլ է գալիս, ասել էր ոչ մի խնդիր չկա, այդպես լինում է: Արդեն հիվանդանոցում ասացինք, որ շտապ բուժօգնություն է պետք, բայց փոխարեն արագ կազմակերպեն, մեզ ասում են, մինչեւ խալաթ չհագնի, ոտքի չգիտեմ ինչերը չհագնի չենք թողնի վերեւ բարձրանաք: Սկզբում, երբ երեխայի սրտի զարկերը լսեցին 80-ն էր, հետո, երբ սարքը դրեց փորին այլեւս զարկեր չէր լսվում: Խառնվեցին իրար, հանեցին վիրահատարան, որտեղ զբաղված էր, տարան մեկ այլ վիրահատարան: Հարսս պատմեց, որ Արմինե Ռուդիկովնան այնպես է խառնված, որ դողում էր, որ անգամ չի կարողացել վիրահատությունն անել եւ ստիպված բաժնի վարիչին են հրավիրել` նա է արել»,-պատմեց Լիաննա Մարտիրոսյանը: Նրա ներկայացմամբ, երեխան ծնվել է կեսարյան հատումով` ամբողջովին կապտուկներով եւ մինչեւ այսօր պարզ չէ, թե ինչ է եղել:
Միայն ասում են, որ Նարեկի մոտ թթվածնային քաղց է եղել, իսկ թե առողջ, ամիսներ շարունակ տարատեսակ հետազոտություններ անցնող եւ հղիության ընթացքում որեւէ լուրջ խնդիր չունեցող պտուղն ինչո՞ւ է թթվածնային քաղցով ծնվել, երեխայի հարազատներին ոչ ոք չի բացատրում: Սկզբում բժիշկներն ասել են` մի անհանգստացեք 2 ժամից երեխայի վիճակը կլավանա, բայց 4-5 ժամ եւ ավել սպասելուց հետո էլ, երբ հարազատները հասկացել են, որ ոչ մի շարժ չկա, որոշել են նորածնին այլ հիվանդանոց տեղափոխել:
«Դատ եմ տալու»,-ասում է երեխայի տատիկն ու ավելացնում` «Նրանց երեսից երեխան մահացավ, անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ պահվածքից»:
«Սլավմեդ»-ից նորածին Նարեկին, հարազատների պնդմամբ շտապօգնությունով տեղափոխել են Մուրացան կենտրոն, բայց միեւնույն է երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Նա ընդամենը 41 օր է ապրել:
Aravot.am-ը խոսեց նաեւ բժշկի` Արմինե Մխիթարյանի հետ: Բժիշկը պնդում էր, ամեն ինչ արագ եւ ժամանակին արվել է: Մեր այն հարցին, թե նորածնի հարազատները վստահեցնում են, որ հղի կինը նախածննդյան ցավեր, գանգատներ է ունեցել, դեռ մեկ ամիս առաջ, սակայն հանգստացրել տուն եք ուղարկել, բժիշկ Մխիթարյանն ասաց` նման բան չկա. «Նրանք միշտ եկել են իրենց կոնսուլտացիաների օրերին եւ չի եղել, որ եկել են ոչ իրենց օրերին, նայվել է եւ ոչ մի խնդիր չի արձանագրվել»:
Բժիշկ Մխիթարյանն ասաց, որ երեխան ծնվել է թթվածնային քաղցով: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է երեխայի մոտ նման խնդիր առաջացել, ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ «խորը հետազոտություն պիտի անցկացվի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
https://www.aravot.am/2016/02/02/653431/