Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցող Ստեֆան Շեննախը 2016թ. ապրիլի 6-8-ը այցելել է Ադրբեջան, որտեղ առավել հանգամանորեն ծանոթացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալված վերջին իրադարձություններին։ Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը։
Եվրոպացի պաշտոնյան խոր մտահոգություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական բախումների վերաբերյալ։ Համազեկուցողը իր անհանգստությունն է հայտնել մասնավորապես «Լեռնային Ղարաբաղում և օկուպացված տարածքներում զոհված քաղաքացիականների համար, որոնք ունեցել են հակամարտության երկու կողմերն էլ»։
Իր այցելությունը ամփոփող զեկույցում նշվում է, որ համազեկուցող Շեննախը ողջունել հակամարտող կողմերի միջև պայմանավորվածությունը՝ հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու մասին և նշել է, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ և միջնորդությամբ։
Զեկույցից տեղեկանում ենք նաև, որ Շեննախը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում, ի թիվս ԼՂՀ հակամարտությանը վերաբերվող հարցերի, կողմերը քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքներին վերաբերվող մի շարք հարցեր։ Եվրոպացի դիվանագետը ողջունել է նաև Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած համաներումը։