Լրահոս
Օրվա լրահոսը

Կար ժամանակ, երբ ՌԴ-ի զենքի բիզնեսը «մեր գործը» չէր

Ապրիլ 12,2016 18:22

Տարիներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ ժամանակակից, հարձակողական սպառազինության եւ զինտեխնիկայի առքուվաճառքի պայմանագիր է ստորագրում, պաշտոնական Երեւանը, իշխող կուսակցության ներկայացուցիչները բավական անտարբեր կեցվածք էին ընդունել: Հետո, ընդդիմադիր գործիչների եւ հանրային տարբեր շրջանակների դժգոհություններին ի պատասխան`հղում անելով ռուսաստանցի պաշտոնյաներին, մեզ բացատրում էին, որ դա զուտ բիզնես է, որ մեր ռազմավարական գործընկերները հավաստիացումներ ունի առ այն, որ այդ զենքը մեր դեմ չի կիրառվելու եւ այլն:

Օրինակ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին, անգամ ասել էր, որ դա մեր գործը չի. «Իմ այցի ժամանակ Մոսկվա էդ խնդիրների մասին ոչ թե խոսել եմ, և ոչ թե խոսել եմ իրավական տեսակետից, որ մեղադրանքներ կան, թե ինչ-որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա բնավ մեր գործը չէ, ոչ մի երրորդ պետության գործ չի»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ, Aravot.am-ի հարցին`ի՞նչպես են արձագանքել ռուս գործընկերները`ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հսկայական քանակի զենքի վաճառքի առիթով, ասել էր, որ հնչել են մտահոգություններ, բայց նաեւ եղել են հավաստիացումներ, որ դա տարածաշրջանի ռազմաքաղաքական բալանսը որեւէ կերպ չի խաթարի:

Նման կամ համանման հայտարարություններ էին անում նաեւ ավելի ցածր տրամաչափի ՀՀԿ-ականները, երբ ընդդիմադիր եւ հասարակական տարբեր շրջանակներ շարունակում էին դրդել իշխանություններին, որպեսզի մտահոգություն հայտնեն Հայաստանի ռազմավարական գործընկերոջ կողմից Հայաստանի հակառակորդ երկրին հսկայական ծավալների հարձակողական զենք վաճառելու առիթով:
Պաշտոնական Երեւանն ի դեմս ՀՀ նախագահի, առաջին անգամ այդ առիթով իր մտահոգությունը բարձրաձայնեց հեռավոր Լատինական Ամերիկայից`2-2,5 տարի առաջ:

Լսեցի՞ն ՌԴ իշխանությունները Հայաստանի այդ մտահոգությունը, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց նախագահի այդ հայտարարությունից հետո ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինելու ոչ ծավալները նվազեցին, ոչ էլ տեմպերը դանդաղեցին: Ավելի ուշ, անցած տարի, նախագահն իր մտահոգությունները կրկնեց նաեւ «Արարատի ստորոտին»: Դրանից հետո եւս ՀՀԿ-ական գործիչները փորձում էին արդարացնել ՌԴ-ին, շարունակում էր պնդել, որ դա ընդամենը բիզնես-ծրագիր է: Մինչդեռ, չորսօրյա պատերազմի ընթացքում, այդ առիթով արած Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, ՀՀԿ-ականների խոսքի տոնայնությունն ու շեշտադրումները էականորեն փոխվեցին:

Հիմա բոլոր ՀՀԿ-ականները միաբերան, որոշ ընդդիմադիրներից էլ թունդ, մտահոգություններ են հայտնում այն առիթով, որ ՌԴ-ն շարունակելու է իր բիզնեսը`անգամ այն պարագայում, երբ իր հավաստիացումները, թե այդ զենքը հայկական պետությունների դեմ չեն կիրառվի, հօդս ցնդեցին: Բնական է, որ այժմ իշխող քաղաքական ուժից կոնկրետ քայլեր`իրենց հռետորաբանությունն ամրապնդող քայլեր են ակնկալվում: Պարզվում է, հռետորաբանությամբ պետք է սահմանափակվենք:

Համենայնդեպս, երեկ Aravot.am-ի հարցին`ի՞նչ քայլեր ակնկալել ՀՀ իշխանություններից, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն ասաց. «Սա արդեն քայլ է»: Իշխող կուսակցության ներկայացուցիչը նկատի ուներ իր պահանջը ՌԴ-ից`վերագնահատել Ադրբեջանին սպառազինելու քաղաքականությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930