Լրահոս
Օրվա լրահոսը

 «Մեր կրթական համակարգում նոր նախաձեռնությունների համար կարևոր է հանդգնությունը». Մանուկ Մկրտչյան

Ապրիլ 12,2016 17:11

Ապրիլի 11-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոցում տեղի ունեցավ «Dasaran» կրթական ծրագրի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և «Նոր սերնդի դպրոց» հ/կ-ի համատեղ հայտարարած «Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում 2015-2016» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

«Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը նշեց, որ մրցույթին մասնակցած ավելի քան 500 դպրոցներից 41-ը արժանացան զանազան մրցանակների՝ համակարգիչների, պատվոգրերի և խրախուսական պարգևների. «Ձևավորման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել էին աշակերտներից, մանկավարժներից և ծնողներից բաղկացած դպրոցական խմբեր, որոնք լուսանկարել էին իրենց աշխատանքներն ու տեղադրել լուսանկարները Dasaran.am կայքում: Այս մրցույթը կարծես դարձել է գեղեցիկ ավանդույթ: Աշխատանքների գնահատման և արդյունքների ամփոփման ընթացքում հատուկ կարևորվել է խմբային աշխատանքը, ինչպես նաև աշակերտների ստեղծած ձեռքի աշխատանքները»:

dasaran-2 dasaran-3

Միջոցառմանը ներկա կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն անդրադարձավ մրցանակաբաշխությանը՝ ասելով, որ բոլոր տեսակ մրցանակաբաշխությունների վերջնանպատակը համագործակցությունն է, իսկ մրցույթն ընդամենը համագործակցության միջոց է. «Ես հուսով եմ՝ «Dasaran» կրթական ծրագիրը կդառնա դպրոցին աջակցող հավելյալ արդյունավետ գործիք և կնպաստի ուսուցիչ-աշակերտ-ծնող կապի ամրապնդմանը: Շատ կարևոր եմ համարում այս կրթական միջավայրում Արցախի դպրոցների ներառումը: Մեր կրթական համակարգում նոր նախաձեռնությունների համար կարևոր է հանդգնությունը՝ այս բառի դրական իմաստով: Մենք պետք է հանդգնենք գնալ այնպիսի քայլերի, որոնց կբևեռվի նաև առաջադեմ կրթական համակարգերով հայտնի երկրների ուշադրությունը: Սրա համար մեծ ֆինանսական միջոցներ պետք չեն, պետք են առաջադեմ գաղափարներ: Պետք է ձգտենք նորարարությունների, պետք է նորամուծություններ ստեղծողը լինենք»:

Սուրեն Ալոյանն անդրադարձավ նաև «Dasaran»-ի գալիք ծրագրերին. «Անցած տարի մենք հնարավորություն ստացանք «Dasaran» ծրագիրը ներկայացնելու ՀՀ նախագահին, ցույց տալու ծրագրի հնարավորությունները, ծանոթացնելու նրա գործունեությանը: Նախագահից հանձնարարություն ստացանք մոտ ապագայում ներգրավել նաև Սփյուռքում գտնվող հայկական դպրոցները, որ կապ ստեղծվի տեղի և սփյուռքի պատանիների, աշակերտների միջև: Առաջին դպրոցը, որի հետ կհամագործակցենք, կլինի Բոստոնի Սուրբ Ստեփանոս դպրոցը»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930