Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը, իսպանական կողմից` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Էնրիկե Մորա Բենավենտեն:
Հայ և իսպանացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-իսպանական քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված քայլեր: Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:
Նույն օրը իսպանական պատվիրակությունն աշխատանքային ճաշ ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերին, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Իր այցի շրջանակներում իսպանական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:
Իսպանացի պատվիրակներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:
ՀՀ ԱԳՆ