«Վերապահումներով եմ մոտենում այդ «սելֆիներին»…Նման ոճ ես չունեմ եւ չեմ կարծում, որ դա է ձեւը: Ասելիք ունեցողը կասի այն»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում, խոսելով այս օրերին Արցախում գտնվող մի շարք քաղաքական գործիչների եւ հեռուստաեթերի ներկայացուցիչների` սոցցանցերում պարբերաբար հրապարակվող ինքնանկարների մասին, ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Նա չմեկնաբանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե «սելֆի» անող ոհմակին պետք է հետ ուղարկել Երեւան»:
Հարությունյանը նաեւ նշեց, որ այս պահին պարզ չէ` արդյո՞ք Զոհրաբյանի նման նկատառումը ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկման առարկա կդառնա, քանի որ պատգամավորների մի մասը գտնվում է Արցախում, եւ առայժմ նիստ հրավիրելու մասին ավելորդ է խոսել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ