Ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ ինստիտուտի քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեեւը, անդրադարձ կատարելով Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին, վստահեցնում է, որ հայկական կողմը անպայման հակագրոհ կկազմակերպեր՝ ի պատասխան Ադրբեջանի ոտնձգություններին: Բայց միջամտել է Ռուսաստանը եւ կանխել է այդ հակագրոհը:
Ըստ նրա, երբ խոսում են Ստեփանակերտը կրակի տակ պահելու մասին, այդպես սպառնում են, դա սադրանք է, այնպիսի սադրանք է, ինչպիսին մինչ այդ արված գործողություններն են, որովհետեւ հայկական կողմն էլ կարող է նշան բռնել նավթի, գազի պաշարների ուղղությամբ եւ տնտեսական հսկայական կորուստ պատճառել, հարվածել երկրի տնտեսությանը: Հայկական կողմը հարմար դիրքեր ունի, կարող է հակագրոհ կազմակերպել եւ այստեղ ՌԴ-ն, ըստ փորձագետի, արել է ամեն ինչ, որ համոզի Հայկական բանակին, ԼՂՀ պաշտպանության բանակին, որ հակագրոհ չլինի, որովհետեւ դա կարող էր եւ լինել: Այն, որ հայկական կողմից չի եղել հակագրոհ, այսինքն՝ սահմանների հատում, դա եղել է ՌԴ-ի շնորհիվ:
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը այսպես արձագանքեց Եվսեեւի խոսքերին. «Երբ լուրեր տարածվեցին, որ հայկական կողմի ձեռքն է անցել նախաձեռնությունը եւ ադրբեջանական կողմը սկսել է կամուրջներ պայթեցնել, որպեսզի հայկական կողմը չկարողանա հակագրոհի ճանապարհով մեծացնել բուֆերային գոտին, ինչպես նաեւ ազատագրել տարածքներ, որոնք գտնվում են մինչ օրս Ադրբեջանի ձեռքում, ինձ մոտ տարակուսանք առաջացավ, որ միգուցե իրենց մոտից հակազդեցությունն այնքան ուժեղ է, որ չեն կարողանում մերոնք շարունակել: Բայց այդ դեպքում հարց էր՝ ինչո՞ւ էին իրենք կամուրջներ պայթեցնում: Բայց հիմա ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ բավականին լուրջ պաշտոն զբաղեցնող եւ հայտնի փորձագետ Եվսեեւը բաց տեքստով ասում է, որ դա ՌԴ-ի միջնորդության հետեւանքն էր:
Կարդացեք նաև
Տեսեք ինչ է ստացվում, ռուսական միջնորդությունը երբեք չի լինում, որ Ադրբեջանը չխախտի պայմանավորվածությունները, որեւէ ազդեցություն չի ունենում, որ Ադրբեջանը չհարձակվի Ղարաբաղի վրա, մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ ՌԴ-ն հարձակողական զենքեր է վաճառում մեր հակառակորդին՝ 5 մլրդ դոլարի եւ հանկարծ հենց որ նախաձեռնությունն անցնում է մեր կողմը, որ մենք կարող ենք անել այն, ինչ մեր շահերից է բխում, հանկարծ սկսում է ռուսական միջնորդությունն արդեն աշխատել ու մեր դեմ:
Սրանից հետեւություններ պետք է անել եւ վերջապես մարդկանց ուղեղներից պետք է այդ սուտը դուրս գա, թե իբր ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է: Սա շատ վտանգավոր է, որովհետեւ անընդհատ հույսները դնում են Ռուսաստանի վրա, բայց ռուսները մեր դեմ են գործում: Երբեմն նույնիսկ բաց ասում են դրա մասին»:
Հովսեփ Խուրշուդյանը քննադատեց նաեւ ՌԴ-ի միջնորդությունը վերջին լարված օրերին հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման ձեւաչափի հետ կապված. «Ի՞նչ է նշանակում ՌԴ-ի միջնորդությունը ձեւակերպել ՀՀ եւ Ադրբեջանի շտաբի պետերի հանդիպման ձեւաչափով: Ակնհայտ էր, չէ՞, որ ռուսների միջնորդությամբ համաձայնվել են առնվազն Ադրբեջանի այն պնդմանը, որ Արցախի ներկայացուցիչ չլինի: Ինչո՞ւ են մեզ համոզել, որ մենք դադարեցնենք հակագրոհը, ու ի բան էլ մեզ համոզել, որ Արցախը դուրս մնա այդ բանակցային գործընթացից: Ավելի հակահայկական մոտեցում ես դժվարանում եմ պատկերացնել: Էլ ի՞նչ պետք է աներ ՌԴ-ն, որ մենք հասկանայինք, թե որն է ռուսական շահը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ