ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ԵՏՄ նիստին գնալը, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի գնահատմամբ՝ «խայտառակ պատմություն է». «Տեսեք ինչ է կատարվում, Արեւմուտքը ՀՀ-ին իր աջակցությունը ցույց տալու համար բացահայտորեն հենց այդ ռազմական գործողությունների օրերին Սերժ Սարգսյանին հրավիրում է Գերմանիա, ամենաբարձր մակարդակով ընդունում են, իսկ ՌԴ-ն, որը ի տարբերություն Արեւմուտքի, պաշտոնապես մեր ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ-ով, ԵՏՄ-ով, որի մեջ չկա Ադրբեջանը, միավորված է ՀՀ-ի հետ, իրենք համաձայնվում են Ղազախստանի պահանջին եւ հետաձգում են ՀՀ-ում նախատեսված հանդիպումը վարչապետների:
Դրանից հետո ՀՀ վարչապետը նորից խոնարհաբար գնում է այնտեղ՝ մասնակցելու այդ նիստին: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ղեկավարությունը աշխատում եւ աշխատավարձ է ստանում Կրեմլից, որովհետեւ որեւէ կապ չունեն ազգային շահի հետ»:
Ըստ պարոն Խուրշուդյանի՝ «այն, որ իրենք չեն ընտրվել, կեղծելով, իշխանությունը բռնազավթելով՝ հայտնվել են այդ աթոռներին, դա դեռ մի կողմ, բայց նաեւ այդտեղ հայտնվելով՝ սպասարկում են բացարձակապես օտար ուժերի շահերը, որը շատ վտանգավոր է: Մենք ահավոր վտանգավոր իրավիճակում ենք՝ ունենալով նման ապիկար եւ ազգային շահերը դավաճանող ղեկավարներ: Մենք հաղթանակի դեպքում էլ կորուստ ենք ունենալու՝ շնորհիվ այս իշխանությունների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ