Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. «Ապրիլի 2-ից հետո ԵՄ-Հայաստան հարաբերությունները շատ ավելի են կարևորվում»

Ապրիլ 12,2016 15:20

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով` ԵԱՀԿ-ն պետք է կրակի դադարեցման մոնիտորներ տեղադրի շփման գծի ողջ տարածքով:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը, հարցին` արդյոք Հայաստանը պե՞տք է հետամուտ լինի, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, թե որ կողմն է եղել նախահարձակ, մանավանդ, որ ռուսական և ամերիկյան կողմն ունի արբանյակային տեսագրությունը, որտեղ երևում է, թե որ կողմն է նախահարձակ եղել, պարոն Կիրակոսյանը ի պատասխան թվարկեց այն քայլերը, որոնք պետք է կատարի Հայաստանը.

«Պետք է նախ ուժեղացնենք պաշտպանական համակարգերը: Երբ հանդիպեցի Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ, ես նշեցի, որ պետք է ԼՂՀ-ն դառնա նաև բանակցությունների կողմ, որ ավելի խորը դիվանագիտական գործընթացներ լինեն: Երրորդ քայլն այն պետք է լինի, որ ԵԱՀԿ-ն կրակի դադարի մոնիտորներ տեղադրի ամբողջ այդ տարածքում: Չորրորդ քայլը պետք է լինի ավելի պակաս հանդուրժողական լինելը:

Մենք չպետք է հանդուրժենք հրադադարի ահագնացող խախտումները: Մենք չպետք է ընդունենք այն հանգամանքը, որ մեղադրում են հավասարապես երկու կողմերին: Խախտումներ նախաձեռնողները պիտի որոշակի գին վճարեն: Ի վերջո, ՀՀ կառավարությունը պետք է վերանայի հայ-ռուսական ճգնաժամային հարաբերությունները»:

Միջազգային գործընկերային հարաբերությունների մասին խոսելով` պարոն Կիրակոսյանը նկատեց. «Ապրիլի 2-ից հետո ԵՄ-Հայաստան հարաբերությունները շատ ավելի են կարևորվում, քան դրանք կային մինչև ապրիլի 1-ը: Նախնական բանակցություններ են վարվել ԵՄ-Հայաստան անվտանգության գծով համագործակցության մասին»:

Դառնալով առաջիկա զարգացումներին` Մադրիդյան սկզբունքների փոփոխության հարցերին, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նկատեց, թե ներկայումս կարճաժամկետ կամ միջնաժամկետ առումով փաստաթուղթ ընդունելը պակաս հավանական է:

Դառնալով Մինսկի խմբի գործառույթներին` քաղաքագետը նշեց. «Մենք պաուզա կունենանք բանակցային գործընթացում: Մինսկի խումբը փորձելու է քաղաքական ճգնաժամի կարգավորման տեսանկյունից գործողություններ անել, այլ ոչ թե իրական բանակցային փաստաթղթի շուրջ աշխատանք տանել»:

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի` Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ գոնե ստեղծված իրավիճակում դիվանագիտական դիվիդենտներ շահի. «Անկասկած է, որ նախահարձակ եղել է Ադրբեջանը, և Հայաստանը կարող է մեծ շահ ունենալ` օգտագործելով այդ իրավիճակը: Իհարկե, այս պահը դիվանագիտության համար լավագույն ժամանակը չէ, գերակա հարցը ոչ թե այն է` արդյոք կլինի՞ հաջորդ հարձակումը, այլ ե՞րբ կլինի հաջորդ հարձակումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930