Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների երեխաները զորամասերին իրենց ուղարկած քաղցրավենիքների արկղերին նաև ողջույնի ու զինվորին մեծարման խոսքեր էին գրել

Ապրիլ 12,2016 14:24

Առաջնագծում իրավիճակի փոփոխությունը ոտքի հանեց նաև Քաշաթաղի բնակչությանը: Հենց առաջին օրը հարյուրավոր քաշաթաղցիներ դիմեցին շրջանային զինկոմիսարիատ՝ առաջնագիծ մեկնելու և զինվորին սատար լինելու նպատակով: Այժմ տարբեր մասերում քաշաթաղցի կամավորականները առաջնագծում են: Որոշ խմբեր էլ զորամասերում են և օգնում են տնտեսական հարցերով: Մեր զինվորներին օժանդակում ենք նաև՝ հասցնելով սնունդ, քաղցրավենիք, այլ անհրաժեշտ պարագաներ:

Ապրիլի 11-ին շրջվարչակազմի ղեկավար, ՔՊ շրջանային շտաբի պետ Սուրեն Խաչատրյանի հետ հանրապետության հարավային պաշտպանական շրջան հասցրեցինք նման օժանդակություն, որն ուղարկել էին Երևանի պետական համալսարանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, Վայոց Ձորի մարզը և քաշաթաղցիները: Մեր ժողովուրդը հավատում է իր զինվորին և պատրաստ է օժանդակել նրան հնարավոր բոլոր միջոցներով:
Զորամասում պատասխանատու գնդապետ Միքայելյանը շնորհակալ եղավ հատկապես դպրոցների երեխաներից, ովքեր իրենց ուղարկած քաղցրավենիքների արկղերին նաև ողջույնի ու զինվորին մեծարման խոսքեր էին գրել: Սուրեն Խաչատրյանը նշեց, որ նման ծանրոցներ արդեն մի քանի անգամ տարբեր զորամասեր հասցվել են, և հայտնեց շնորհակալություն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներ Արտակ Ալեքսանյանին, Արմեն Ուլիխանյանին, բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր իրենց ներդնումն են անում հայրենիքի պաշտպանությանը:

Qashatax_2

Qashatax_1 Qashatax_7

Այստեղ Քաշաթաղի շրջանի համայնքներից եկած կամավորականների մի ջոկատ զբաղված էր տնտեսական հարցերով, սակայն տղաները ցանկանում էին դիրքերում ծառայել: Զորամասի պատասխանատուն գոհ էր քաշաթաղցի կամավորականներից, ովքեր և դիրքերում են, և այստեղ նույնպես կարևոր աշխատանք են կատարում: Տեղեկացրեց նաև, որ գիշերը համեմատաբար հանգիստ է եղել առաջնագծում, իսկ մեր տղաներն ամուր են ու զգոն:

Վերադարձին Սուրեն Խաչատրյանի և շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի հետ շրջեցինք Թովմասարի ցանքատարածքներում, որտեղ այս տարի ևս սպասվում է լավ բերքատվություն: Լ. Սիմոնյանը տեղեկացրեց՝ մոտ 8000հա տարածքում գարու և ցորենի աշնանացան է կատարվել, իրականացվել է պայքար մկնանման կրծողների և այլ վնասատուների դեմ: Այժմ անհրաժեշտություն է վերացնել արտեզրյա փշաթփերը, որոնք չորանալով՝ դառնում են հրդեհի պատճառ:
Իշխանաձորում, որտեղ նույնպես գործում է ՔՊ շտաբ՝ տարածքի համայնքների ղեկավարների և գործող հիմնարկների աշխատակիցների մասնակցությամբ, Ս. Խաչատրյանը տվեց հանձնարարականներ և՛ գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ, և՛ սահմանային լարվածության հետ կապված: Որոշվեց մոտակա օրերին տարածքում գործող մեքենատրակտորային կայանի և հրշեջ-փրկարարական ծառայության հետ իրականացնել փշաթփերի վերացման աշխատանքներ: ետամեջ գյուղում, որտեղից դարձյալ շատ կամավորականներ են մեկնել առաջնագիծ, այցելեցի դպրոց: Բոլոր աշակերտներն ու ուսուցիչները տեղում էին: Տնօրեն Նաթելա Սարոյանը տեղեկացրեց, որ բոլոր օրերին դպրոցը գործել է անխափան, հավատում են հայ զինվորին և պատրաստ օժանդակել: Երրորդ դասարանում երեխաները զինվորներին նվիրված նկարներ էին արել ու ոտանավորներ գրել: Այդ պահին շատերի հայրերն առաջնագծում էին, և տղաները ևս պատրաստ են զինվոր դառնալ:

Բարձրդասարանցիները մարզադաշտում վոլեյբոլ էին խաղում: Դպրոցի բակում տխուր նստած էին տեխնիկական աշխատող 2 կին. Ասացին՝ նստած աղոթում ենք մեր որդիների անվտանգության համար, որ խաղաղություն լինի, որ նահատակներ չունենանք…

Qashatax_6 Qashatax_4 Qashatax_3
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Քաշաթաղի «Մերան» թերթի գլխ. խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930