Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի վստահեցմամբ`գլխավոր դասը, որ մենք պետք է քաղենք քառօրյա պատերազմից, այն է, որ պիտի հնարավորինս կարճ ժամկետում վերանայենք մեր արտաքին քաղաքականությունը»:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը քաղաքագետը, դառնալով այն հարցին, թե ինչ շահեց Ադրբեջանը քառօրյա պատերազմից, նկատեց, թե այդ երկիրը շահեց միայն ներքաղաքական դաշտում. «Ուղղակի մի քանի ք/մ հող գրավելով ծանր կորուստներով` դրա շնորհիվ Ալիևն այժմ ունի ազգային մակարդակով աջակցություն Ադրբեջանի ներսում: Բայց ռազմական առումով Ադրբեջանի համար խնդիրներ ստեղծվեցին»:
Ըստ Սերգեյ Մինասյանի` Ռուսաստանի դերակատարությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար մեծացավ, ինչպես նաև քառօրյա պատերազմից հետո մեծացավ երկու երկրների կախվածությունը Ռուսաստանից:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը քառօրյա պատերազմից հետո հինգ դաս է տեսնում. «Բավականին քիչ լծակներ կան, որոնք կարող են գործադրվել Ադրբեջանի վրա` թույլ չտալով այդ երկրին ռազմական գործողություններ սկսել:
Կարդացեք նաև
Երկրորդ դասն այն է, որ Ադրբեջանը նոր ռազմավարություն ունի, որ պետք է գրավել ու պահել նոր տարածքներ, ուստի երրորդ դասն այն է, որ առաջացել է այս իրավիճակի հետ առնչվող նոր համատեքստ:
Չորրորդ դասը մեր ներքին իրավիճակին է առնչվում: Հաշվի առնելով այն վտանգը, որի առաջ կանգնած ենք` կոռումպացվածությունն ու ժողովրդավարության պակասն ավելի շատ են վտանգում մեր հասարակությունը: Հինգերորդ դասը ՌԴ-ի կողմից դավաճանությունն էր, քանի որ ՌԴ-ն դիտարկվում էր` որպես ՀՀ ռազմավարական գործընկեր»:
Պարոն Կիրակոսյանը, դիտարկելով հայ-ռուսական ռազմավարական ամուսնությունը, այստեղ ընտանեկան բռնության հստակ դեպք արձանագրեց ու շեշտեց, որ սա այն պարագայում, երբ միայն Հայաստանն է, որ մեր տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ է, որ հյուրընկալում է իր տարածքում ռուսական բազա:
Ի հակադրություն` պարոն Կիրակոսյանը հիշեցրեց ՌԴ-ի` Ադրբեջանին զենք վաճառելու փաստն ու վարչապետ Մեդվեդևի այն հայտարարությունը, թե դա միայն բիզնես չէ, այլ ռուսական համապատասխան քաղաքականություն` զինելու Ադրբեջանին:
Ռուս քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովն այս առիթով նշեց, թե դեռ գործընթացը չի ավարտվել. տեսել ենք էսկալացիան, բայց կարգավիճակային հարցերը դեռ լուծված չեն, քաղաքական հետևանքները դեռ տեսանելի չեն:
Ռուս քաղաքագետը հիշեցրեց, որ դեռ չի ճանաչվել Լեռնային Ղարաբաղը, նույնն է մնացել նաև Մինսկի խմբի ձևաչափը: Սերգեյ Մարկեդոնովի գնահատմամբ` փորձեր են նկատվում ստասուս քվոյի փոփոխման հարցում. հիմա ՀՀ-ի համար ստատուս քվոն ավելի ընդունելի է, քան Ադրբեջանի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի