Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. CNN-ի հրավերը լավ պատրաստված ծուղակ էր Մամեդյարովի համար

Ապրիլ 12,2016 14:07

«Շատ հստակ երեւաց, թե որտեղ են տեղակայված տեղեկատվական կրակակետերը Ադրբեջանից դուրս»,- ապրիլի 12-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով տեղեկատվական պատերազմին, ասաց ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

Ըստ նրա, ամենալուրջ եւ հուժկու հարվածը ադրբեջանական կողմը ստացել է այն ժամանակ, երբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հրավիրվեց CNN. «Ավելի շուտ դա ծուղակ էր: Իհարկե՛, CNN հրավիրվելը մեծ պատիվ է նույնիսկ արտգործնախարարների եւ նախագահների համար, Մամեդյարովը ուղղակի երկրորդ հարցից հետո հասկացավ, երբ պանամյան թղթերին անդրադարձան, որ դա բավականին լավ պատրաստված ծուղակ է: Սա նաեւ ինչ-որ կերպ ազդանշան հանդիսացավ ադրբեջանական իշխանությունների համար, որ արտաքին ճակատում տեղեկատվական բլոկը ուղղակի շռնդալից կերպով տապալվել է»:

Հայկ Դեմոյանը համարում է, որ Ադրբեջանի իշխանություններին մնում էր չկայացած եւ ծիծաղ հարուցող չակերտավոր հաղթանակը իր ժողովրդին ծախելը. «Բայց ինչքան էլ թերագնահատենք Ադրբեջանի հասարակությանը, զոհերի քանակը եւ տեղեկատվական այլանդակ կեղծարարությունները արդեն իսկ վկայում են, որ այս առումով ինչ-որ տեղ արդեն հասունացել է Ադրբեջանի հասարակությունը, որ հալած յուղի տեղ չի ընդունում իշխանությունների կողմից շինծու այդ տեղեկատվական հոսքերը եւ կեղծարարությունները: Իսկ սա, հավատացնում եմ ձեզ, բավական լուրջ լիցք է, որ կուտակվում է արդեն իսկ կուտակված լիցքի վրա: Թե ինչ ձեւով այն կարող է Ադրբեջանի ներսում պայթել, մենք կարող ենք ականատես դառնալ մոտակա տարիների ընթացքում»:

Հայկ Դեմոյանը նկատեց, որ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրությունը տապալվել է, Ադրբեջանը կարող է գնալ էլ ավելի մեծ արկածախնդրության, որը բացարձակապես մեզ չպետք է վախեցնի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930