Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպիսի կործանարար հարված չենք հասցրել, որ ադրբեջանցին պոչը հավաքի, փախչի». Կենտրոնական հրամանատարության հետախույզ

Ապրիլ 12,2016 14:03

Ադրբեջանն այս պահին առնվազն 500-ից ավելի տանկ ունի, եթե մեր հաղթանակներն իրականություն են ու այդ տանկերից մոտ երեսուն տանկ ենք խփել, դա նույնիսկ ադրբեջանցիների տանկերի քսան տոկոսը չի անում: Այսինքն, դու կործանարար հարված չես հասցրել, որ ադրբեջանցին պոչը հավաքի, փախչի, դու էլ իջնես իր պաշտպանված ամրոցը»,-այսօր քառօրյա պատերազմից հետո գնահատելով իրավիճակը՝ «Բլից ինֆո» ակումբում ասաց Հատուկ նշանակության հետախույզների դիվիզիայի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովը։

Ըստ նրա, Ղարաբաղը գրեթե վերցնել անհնար է, որովհետեւ անառիկ ամրոց է, ամրոցից իջնել դաշտ մենամարտելու՝ լինում է միայն լեգենդներում. «Չի բացառվում, որ ադրբեջանցին ընդամենը մեզ կանչում էր դաշտավայր, ձեւեր էր թափում, որ չեն կարողանում մտնել՝ իրականում պահելով իր հսկայական բանակի հնարավորությունները, որոնք Ղարաբաղի դիրքերի դիմաց քիչ բան ունեն անելու, բայց երբ պաշտպանության բանակն իջնի դաշտավայր, ահագին գործ կանեն, ու ամեն ինչ կպրծնի: Սկզբում՝ Ղարաբաղը, հետո՝ Զանգեզուրը, հետո՝ ամեն ինչ: Մեր հրամանատարությունն այնքան խելացի է եղել, որ դաշտ դուրս չի եկել, այսինքն, կուտ էին տալիս, մենք չկերանք: Ոչ մեկին ձեռք չէր տալիս նմանատիպ շարունակությունը, ոչ՝ մեզ, ոչ էլ՝ ադրբեջանցիներին: Խաղաղությունը այս տիպի պատերազմից հետո եւ մեզ, եւ իրենց է ձեռք տալիս:

Մենք էլ պահպանեցինք մեր բոլոր գրեթե դիրքերը, այն մի քանի բարձունքը, որ ձեռք բերեցին ռազմավարական նշանակության չէ, բայց մարտավարական նշանակություն ունեն, այդ բարձունքների շնորհիվ կարողանում ես առաջխաղացում անել: Այն ռեսուրսները, որ ադրբեջանցիներն այդտեղ սպառեցին, ձեռքբերում չէր»:

Հարցին, թե արդյոք Բակո Սահակյանի հայտարարությունից հետո, թե իրենք տեղեկություններ են ունեցել ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ, կատարվածի ամբողջ պատասխանատվությունը չի ընկնում իշխանությունների վրա՝ Վովա Վարդանովը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պարոն նախագահը, մի քիչ ճիշտ չէ, որովհետեւ եթե լիակատար հետախուզական տվյալներ լինեին, նորմալ վերլուծություն արվեր, տեղի չէր ունենա այն, ինչ եղավ: Ես էլի իմ կարծիքին եմ, որ իրենք տեղեկատվություն չեն ունեցել:

Այդ տեղեկատվությունը նույնիսկ Ալիեւը չուներ, իրենք չէին պատրաստվում այսքան ծավալվելու, իրենք պատրաստ են, բայց չէին պատրաստվում: Իրենք եկել էին նախապատրաստված, որ իրենց դիվերսիոն խմբերին աջակցեին: Իրենք կարող է տեղյակ լինեին, որ այդտեղ դիվերսիոն քայլ է կատարվելու, բայց որ այսքան կծավալվեր, մեր հետախուզությունը չր կարող նման տեղեկատվություն ունենալ»:

Ըստ նրա, Թուրքիայի հատուկ նշանակության զորքերը մտել էին Լեռնային Ղարաբաղ, որ Ռուսաստանին որոշ բաներ հասկացնեն. «Ռուսաստանը պետք է հասկանար եւ արագացներ Հայաստանին 200 մլն դոլար արժողությամբ զենքի մատակարարումները։ Մի՞թե նրանք չէին հասկանում, որ Բաքվին վաճառած զենքը ցանկացած պահի կարող է կրակել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930