Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Էյֆման. «Արամ Իլյիչն ասաց՝ խորեոգրաֆների հետ կհանդիպեմ միայն դատարանում» (Տեսանյութ)

Ապրիլ 12,2016 13:50

Ապրիլի 12-13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգյան թատրոնի հյուրախաղերը: Հայաստանցի հանդիսատեսը կվայելի Էյֆմանի «Աննա Կարենինա» բալետը՝ ըստ Տոլստոյի համանուն վեպի եւ Չայկովսկու երաժշտության:

Ապրիլի 12-ին «Ռոյալ թուլիփ գրանդ հոթել» հյուրանոցում կայացած ասուլիսում Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի հայաստանյան հյուրախաղերի համակարգող Նիկա Բաբայանը, բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Բորիս Էյֆմանը, Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի հյուրախաղերի ընդհանուր համակարգող «Լուզինյան հիմնադրամի» տնօրեն Կոնստանտին Լուզինյան – Ռիժինաշվիլին խոսեցին հյուրախաղերից:

Նիկա Բաբայանը կարեւորեց այն կապը, որ ստեղծվել է Հայաստանի եւ վարպետի միջեւ, ու դրանում շեշտեց նաեւ Լուզինյանի դերակատարությունը:

Բորիս Էյֆմանը նշեց, որ հուզմունքից կորցրել է ձայնը: Նա հիշեցրեց, որ առաջին անգամ 1971-ին նրան Հայաստան է բերել Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: «Դրանք անմոռանալի ժամանակներ էին՝ նոր մարդիկ, նոր մշակույթ, նոր հարաբերություններ, շփվեցի մշակույթի ու հավատի հետ, բացառիկ հոգեւոր ջերմության հետ: Այդ ամենը երիտասարդ խորեոգրաֆիս օգնեց բեմադրել «Գայանե» բալետը, որը ամերիկյան մի ստուդիա նույնիսկ ֆիլմի վերածեց, իսկ «Նյու Յորք Թայմսը» հոդված գրեց:

«Գայանեում» բարձրացված է այն թեման, որ հեղափոխությունը ողբերգություն է, սերն է կործանվում, մարդիկ են մեռնում, հեղափոխությունը կործանարար ուժ է: Լինել ազատ, բարդ էր այդ խորհրդային վարչակարգի օրոք, բայց ես մարդ եմ, որը ոչ թե հակահեղափոխական էր, այլ մարդ, որը ազատություն էր ուզում ստեղծագործելու համար»,-իր «Գայանեն» ներկայացնում է անվանի խորեոգրաֆը: Պատմում է նաեւ Արամ Խաչատրյանի հետ առաջին հանդիպման մասին, երբ երիտասարդ տարիքում հանդիպել է կոմպոզիտորի հետ «Գայանեի» համար, որը իր դիպլոմային աշխատանքն էր:

«Երբ ներս մտա, Արամ Խաչատրյանը խալաթով էր, առաջացավ ու ասաց՝ երիտասարդ, ես խորեոգրաֆների հետ կհանդիպեմ միայն դատարանում: Նա դժգոհ էր բեմադրություններից: Բայց հետո հասկացավ, որ հիմար չեմ: «Գայանեի» վերջին տարբերակը ողբերգական ավարտ ուներ, Արամ Իլյիչը դա շատ էր գնահատում, նույնիսկ միասին Լեհաստան գնացինք բեմադրելու»,-ասում է Էյֆմանը:

Արվեստագետը մոդեռնի ու դասականի համադրության վերաբերյալ իր մոտեցումն ունի: Կարծում է, որ մոդեռնը կարող է լինել որպես բալետային ներկայացման «առաջին հարկ», իսկ դրա վրա բարձրանա դասականը:

«Իմ թատրոնը շուրջ քառասուն տարեկան է, մենք ապացուցում ենք, որ բալետային թատրոնը բարձր մշակույթ է եւ զարգացման մեծ ներուժ ունի: Ես կարծում եմ, որ մարմինը ոչ միայն հույզ, այլեւ միտք արտահայտելու լավագույն գործիքն »,-նշում է վարպետը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում կկայանա իր նոր՝ Պարային թատրոնի բացումը, որի խաղացանկում կլինեն իր հին ներկայացումները: Դրանք բոլորը, այդ թվում՝ «Կարամազով եղբայրներն» ու «Ժիզելը» վերականգնվել ու վերաբեմադրվել են: Նա համոզված է, որ այսօր պետք է օգտագործել ժամանակակից բոլոր ռեսուրսները, մարդկանց դասական բալետի աշխարհ բերելու համար, մանավանդ՝ նրա խոսքով. «Այսօր բարդ է մարդուն ինտերնետից կտրելը, ստիպելը, որ գումար ծախսի ու գա բալետային ներկայացում դիտելու»:

Էյֆմանը իր բալետային ներկայացումները բեմադրելիս անչափ կարեւորում է երաժշտության դերը, ասում է՝ չի կարող պատվերով բեմադրել. «Երաժշտություն ընտրելը տանջալի աշխատանք է, պատահել է, որ երաժշտություն պատվիրել եմ կոմպոզիտորների, հետո այդ երաժշտությունն իմ հոգու հետ չի խոսել, չեմ կարողացել բեմադրել: Լավ երաժշտությունն ինձ համար հաճոյախոսություն չէ, այն շատ հոգեհարազատ ու թանկ բան է»:

Արվեստագետը նաեւ այն կարծիքին է, որ երբ թնդանոթներն են պայթում, մուսաները պետք է գոռան ողջ կոկորդով, որ լռեցնեն ագրեսիան ու չարությունը: «Ամենամեծ դիվանագիտությունը մշակութային դիվանագիտությունն է, որը չի օգտագործվում»,-ասում է նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930