«Այն, ինչ որ տեղի ունեցավ ապրիլի առաջին օրերին, բացարձակ արկածախնդրություն էր Իլհամ Ալիեւի վարչակարգի կողմից»,- ապրիլի 12-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
Նա նշեց, որ միամիտ չպետք է լինել՝ կարծելով, որ Ադրբեջանը չէր նախապատրաստվում իրականացնել նման սցենարով արկածախնդրություն. «Դրա համար պետք էր ճիշտ ժամանակի ընտրություն Ադրբեջանի տեսակետից եւ կայծը: Այդ կայծը տեղի ունեցավ ապրիլի 1-ից 2-ը: Ի՞նչն էր պատճառը, որ այդ բռնկումը տեղի ունենար: Առաջին հերթին՝ գիտենք, որ արտաքին ճակատում Ադրբեջանը այնքան էլ լավ վիճակում չէ՝ խոսք է գնում սանկցիաների մասին, արտաքին ճակատում տեղեկատվական հոսքերը ոչ հօգուտ Ադրբեջանի են զարգանում, ներքին ճակատում լուրջ խնդիր ունի ալիեւյան վարչակարգը, սոցիալական լարվածություն, շրջաններում նույնիսկ տեղական իշխանության ներկայացուցիչների տների հրդեհումը, մանաթի կտրուկ անկումը վկայում է մեկ կարեւոր իրադարձության մասին: Մենք խոսում ենք նավթային մեղրամիսի ավարտի մասին: Վերջացավ, մի նոր փուլ է սկսվում Ադրբեջանի համար, որը ես ինձ իրավունք կվերապահեի կոչել հետեւյալ կերպ՝ դանդաղ սահուն, բայց հաստատ անկման ռեժիմով ադրբեջանական պետության անկում է ազդարարում»:
Հայկ Դեմոյանը համարում է, որ ապրիլյան արկածախնդրության հետեւանքները շատ շուտով տեսանելի կլինեն. «Ադրբեջանը կրել է ռազմական պարտություն, դա ակնհայտ է, որովհետեւ չի հասել այն նպատակին, որն ի սկզբանե՝ ռազմական օպերացիան սկսելուց առաջ ունեցել է: Ադրբեջանը նախագահի բերանով ընդունել է իր կապիտուլյացիան: Եթե հայր Ալիեւը այդ կապիտուլյացիան սիմվոլիկ կերպով ընդունեց Բիշքեքում, ապա որդի Ալիեւը այն ընդունեց «Թվիթերում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ