Սիրիայի չորս լրատվական աղբյուրներ նշել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում ներգրավված մոտ 50 հոգանոց ադրբեջանցիների խումբը լքել է ԻՊ-ը եւ միացել Ադրբեջանին: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը:
Նա փաստեց, որ այդ հանգամանքի ձեռագիրն Արցախում ակնառու էր. վարձկան-գրոհայինները վայրագություններ կատարեցին Թալիշի մի քանի բնակիչների հանդեպ. «Նաեւ այն փաստը, որ մեր զինվորների աճյուններն այլանդակված էին, խոսում է այն մասին, որ կրկին նույն ձեռագրով աշխատանք է իրականացվել: Ադրբեջանը ներգրավել է նրանց, այդ պետությունն օգտագործում է այդ ռեսուրսը:
Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ այսպես ԻՊ-ի ազդեցության տարածքն է ավելանում, եւ իսլամիստները տեղափոխվել են նաեւ այս տարածաշրջան: Սա լուրջ սպառնալիք եւ վտանգ է Եվրոպայի համար:
Հայ զինվորի համար տարբերություն չկա` ԻՊ-ի ահաբեկիչ է, թե կանոնավոր բանակի զինվոր: Փաստն այն է, որ դա սպառնալիք է: Հայկական կողմը նշեց, որ համապատասխան փաստաթղթեր են պատրաստվում եւ դիմելու է միջազգային ատյաններ, բայց պետք չէ հույսը դնել միջազգային հանրության վրա: Վերջինս պետք է տեսնի իրական ագրեսորին եւ ճանաչի նրա ձեռագիրը»:
Կարդացեք նաև
Քաղաքագետը նաեւ կարծիք հայտնեց, որ Թուրքիան չի կարող ներգրավվել ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում. «Նա փորձում է կողմնակի ազդեցություն ունենալ, օրինակ, Ադրբեջանին անմիջական ռազմաքաղաքական եւ տնտեսական աջակցություն ցուցաբերելով»:
Մելիք-Շահնազարյանը նշեց, որ առաջիկայում սպասվում է Ադրբեջանի նախագահի հերթական այցը Թուրքիա. «Վստահ եմ, որ Թուրքիայի իշխանությունները, ինչպես արդեն բացահայտ արել են, լիակատար աջակցություն են ցուցաբերելու Ադրբեջանին, պատրաստ են նպաստել, որ Ադրբեջանը լուծի իր առջեւ դրված խնդիրը: Բայց Թուրքիան ուշացել է այս գործընթացներից: Քանի դեռ միջազգային ուժերի ներգրավվածություն կա, Թուրքիայի ազդեցությունը սահմանափակ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ