168.am-ը ղարաբաղաադրբեջանական սահմանին հրահրված վերջին օրերի պատերազմական իրավիճակի շուրջ զրուցել է Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից, ռեժիսոր եւ դերասան Սերժ Ավեդիքյանի հետ
– Պարոն Ավեդիքյան, սպասո՞ւմ էիք ռազմական գործողությունների նմանօրինակ զարգացում ղարաբաղաադրբեջանական սահմանին։
– Չեմ կարող ասել, թե սպասում էի, որ ռազմական բնույթի այսպիսի մեծության գործողություններ կծավալվեն, բայց այս վիճակը, որ առկա է արդեն 20 տարուց ավելի, երբ Մինսկի համանախագահների խումբը ոչ մի կերպ չի կարողանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքն օրինավոր կերպով պաշտպանել, այլևս փտած իրականություն է ստեղծվել։
Բոլորս էլ վաղուց հասկացել ենք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ սպառազինվում է իր նավթադոլարներով և դա անում է անթաքույց, իսկ Հայաստանի ու Ղարաբաղի բանակները պինդ կանգնած են սահմաններին։ Պարզ չէ՞ր, որ այդ զենքերը, որ ռուսները վաճառում էին ազերիներին, պետք է մի օր օգտագործվեին, հո իրենց թանգարաններում դնելու համար չէի՞ն ձեռք բերում դրանք, տրամաբանությունը պարզից էլ պարզ է։
Դե, եթե մեր թիկունքին կանգնած մի մեծ երկիր, որի անունն է Ռուսաստան, իր ռեալ, հին իմպերիայի քաղաքականությանը հատուկ սառնությամբ զենք է վաճառում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, նշանակում է, որ ինչ էլ որ լինի՝ Ադրբեջանն իր համար կարևոր պարտնյոր է։
– Բայց Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը մինչև վերջին օրերը մենք էինք, ոչ Ադրբեջանը, համենայն դեպս, իրենք էին այդպես հայտարարում։
– Մենք տեսանք, որ այս իրավիճակներում Ռուսաստանը հարցին չվերաբերվեց բարոյական կամ կրոնական կոնտեքստից, այլ զուտ կոնկրետ քաղաքական շահի տեսանկյունից, առավել ևս՝ փողի հետ կապված հարցերում։ Հայաստանի
և Ղարաբաղի «գլխին կանգնած» մարդիկ պարզապես օգտագործեցին ստեղծված իրավիճակը՝ ի օգուտ իրենց։ Սա է իրականությունը։ Ամենամեծ դասը, որ մենք պետք է քաղենք վերջին օրերից, այն է, որ որևէ երկիր չի կարող իր ամբողջ հույսը դնել հարևան երկրի վրա, վստահ լինելով, որ ինչ էլ պատահի՝ կկանգնի իր թիկունքին։
Ես չեմ կարող այսօր հայտարարել, թե սա ռուսների կազմակերպած խաղն էր, և պետք էլ չի այդպես անել։ Չեմ կարող նմանապես ասել, թե մամուլից դուրս ի՞նչ է խոսվել Մեդվեդև-Սարգսյան հանդիպման ընթացքում, կամ Մերկել–Սարգսյան հանդիպմանը, բայց, որ վարագույրների հետևում ինչ-որ պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, եղել են, սա հերքելը պարզապես միամտություն է։
Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում