Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիք-Շահնազարյան. «Ադրբեջանը վերադասավորում է ուժերը» (Տեսանյութ)

Ապրիլ 12,2016 12:29

«Մինսկի խումբը խուսափում է հետաքննություն անցկացնելուց, որպեսզի հասցեավորված մեղադրանքների առիթներ ի հայտ չգան»,-կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Միաժամանակ, այն գործոնները, որոնք միտված են տարածաշրջանում ապահովելու անվտանգությունը, չաշխատեցին: Միջնորդները շարունակում են Ադրբեջանի` պատերազմը վերսկսելու փորձից հետո մնալ նույն տրամաբանության մեջ: Քաղաքական զարգացումները հետ են մնացել իրադրությունից, որն առկա է ղարաբաղաադրբեջանական սահմանին»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց նա:

Քաղաքագետը նկատեց, որ այս պահին ԼՂ հակամարտության շուրջ լուրջ դիվանագիտական քննարկումներ են ընթանում. «Ակնհայտ է, որ տարբեր մակարդակներում, կողմերի ներգրավվածությամբ կամ առանց դրանց, լուրջ դիվանագիտական գործողություններ են ընթանում, որոնք կոչված են վերահսկելի դարձնելու հակամարտության գործընթացը: Միաժամանակ, յուրաքանչյուրը փորձում է իր դերը մեծացնել տարածաշրջանում: Մասնավորապես, Ռուսաստանը ջանք չի խնայում` աշխարհին ապացուցելու համար, որ իր միջնորդությամբ է հնարավոր եղել դադարեցնել մարտական գործողությունները` մեղադրանք առաջադրելով Թուրքիային, որ նա է Ադրբեջանին դրդել նախահարձակ գործողությունների»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ` վերջինս փորձում է ակտիվացնել Մինսկի խմբի ինստիտուտը` այն հակադրելով Ռուսաստանի գործունեությանը: «Մեզ համար կարեւոր է ֆիքսել Ադրբեջանի մոտեցումը: Նա փորձում է «ֆոտոշոփի» միջոցով ստանալ այն իրավիճակը, որին մարտական գործողությունների միջոցով ձգտում էր հասնել ապրիլի 1-2-ը: Այսինքն, չկարողացավ հարցը լուծել ռազմի դաշտում, այդ պատճառով էլ քարոզչական կոպիտ միջոցներով փորձում է ցույց տալ, թե այդ ներուժն ունի: Հայաստանն էլ փորձում է քաղաքական դաշտ բերել ռազմական հաղթանակը»,-նշեց Հրանտ Մելիք Շահնազարյանը:

Նա շարունակում է մնալ այն համոզմունքին, որ Ադրբեջանին հրադադարի մասին պայմանավորվածությունը պետք էր ուժերը վերադասավորելու համար. «Ադրբեջանը դժվար իրավիճակում է. զրկվեց իր քաղաքական հաղթաթղթերից: Երբ դիմեցին Ռուսաստանին` հրադադարի պայմանավորվածության համար, ժամանակ էր պետք` ուժերը վերախմբավորելու համար: Բոլոր դեպքերում, դատելով Պաշտպանության բանակի հաղորդագրություններից, Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժեր են նկատվում: Հրադադարի միջոցով կարողացան կանգնեցնել հայկական հակագրոհը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930