ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը
Ապրիլի 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների ու սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։
Խաղաղ բնակչության դիտավորյալ հրետակոծության հետևանքով ապրիլի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանում՝ դպրոցի բակում, զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից դաժանաբար սպանվել և անարգանքի են ենթարկվել Խալափյան ընտանիքի երեք տարեց անդամներ, որոնցից ամենաավագը 92 տարեկան էր։ Խոշտանգումների ու անարգանքի հետքեր են հայտնաբերվել նաև Ադրբեջանի կողմից ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հանձնված ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված զինծառայողների մարմինների վրա։
Սա ԼՂՀ դեմ զինված ագրեսիայի ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների ոչ լրիվ ցանկն է։ Կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ Ադրբեջանն իրեն հակադրեց ողջ քաղաքակիրթ աշխարհին՝ բացահայտ մարտահրավեր նետելով վերջինիս։ Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, մասնավորապես բոլոր Ժնևյան կոնվեկցիաների 1-ին հոդվածի, բոլոր երկրները պարտավորվում են ոչ միայն ցանկացած հանգամանքներում պահպանել, այլև ստիպել պահպանելու կոնվենցիաների նորմերը։
Կարդացեք նաև
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը քայլեր է ձեռնարկում ուղղված միջազգային հանրությանը, այդ թվում՝ մասնագիտացված կառույցներին իրազեկելու Ադրբեջանի զինված ուժերի անմարդկային արարքների այս աղաղակող փաստերը և հետամուտ է լինելու, որպեսզի այս հանցագործությունների մեղավորները ոչ միայն խստագույնս դատապարտվեն, այլև ենթարկվեն պատասխանատվության։ Ադրբեջանի նման գործողություններն արդարացում չունեն։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ