Անցյալ շաբաթավերջից տարբեր տրամաչափի ՀՀԿ-ականներ՝ Շարմազանովից, Զաքարյանից, Բաղդասարյանից մինչեւ չգիտես ովքեր, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մատակարարվող հարձակողական զենքի թեման թողած, գլուխ են ցավեցնում, թե Ադրբեջանի ագրեսիայի թիկունքում Թուրքիան է, քանի որ Էրդողանը եւ Դավութօղլուն հարկի ու անհարկի Ադրբեջանին սատարող հայտարարություններ են արել։
Այն, որ ռուսական զենքը հայ զինվորների ու քաղաքացիների սպանեց Ղարաբաղում, որ Ռուսաստանը շարունակելու է զենքի մատակարարումն Ադրբեջանին, ՀՀԿ-ականների համար խնդիր չէ, խնդիրն Էրդողանի՝ լեզվին տալն է։
Թույլ տվեք հարցնել՝ Էրդողանն ինչո՞ւ պետք է հօգուտ Ադրբեջանի հայտարարություններ չանի։ Ադրբեջանի դաշնակիցն է, երբեք դա չի թաքցրել եւ այսօր էլ կանգնել է Ադրբեջանի կողքին։
Իսկ ո՞ւր է Հայաստանի դաշնակից Ռուսաստանը։ Կրեմլում այժմ միջազգային միջնորդ են խաղում, մինչդեռ Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորություններ ունեն, ինչն առնվազն բարոյական պարտականություն էր ստեղծում դժվար պահին Հայաստանի կողքին կանգնելու, ոչ թե երկակի խաղեր տալու։
Կարդացեք նաև
Եվ, վերջապես, Թուրքիան բացի Էրդողանի ու Դավութօղլուի լեզվին տալուց (որոնց մասին չգիտես ինչպես թուրքականների փոխարեն ռուսական լրատվամիջոցներն են հաղորդում ու տարածում) ուրիշ ի՞նչ առնչություն ունի ապրիլի 2-4-ին կատարվածի հետ։ Կամ ցանկության դեպքում էլ կարո՞ղ է ունենալ։ Թուրքիան 20-30 միլիոն քրդերի հետ սանձազերծված իր պատերազմի, երեք միլիոն փախստականների, ներքին ընդդիմության, տնտեսական անկման խնդիրներից գլո՞ւխ է բարձրացնում, որ Ադրբեջանով զբաղվի։ ԱՄՆ-ն ամբողջ կես տարի թույլ չի տալիս, որ Թուրքիան գոնե YPG-ի հետ իր խնդիրները լուծի, որքան էլ Էրդողանն աջուձախ լեզվին է տալիս, եւ որքան էլ YPG-ն ու PKK–ն անգամ ֆիզիկապես խնդիր են Թուրքիայի համար։
Թուրքիան Ադրբեջանի մասով որքան էլ լեզվին տա, ինչպես տեսանք՝ նույնիսկ Մինսկի խմբում չի կարող մի չոփ շարժել։
Ներկա պահին եւ տեսանելի ապագայում Թուրքիան Հայաստանի համար վտանգ չէ, վտանգը Ռուսաստանն է, որի պահվածքը գուցե ընդունելի է որպես չեզոք միջազգային միջնորդի կեցվածք, սակայն խստագույնս դատապարտելի է որպես դաշնակցի վարք։
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում