Լրահոս
Օրվա լրահոսը

 Բերքաբերի գյուղապետ. «Ադրբեջանցիները մեր ջրով մեր հողերը ոռոգում են»

Ապրիլ 12,2016 11:31

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղը գտնվում է Ջողազի ջրամբարի աջ ափին: Նախկինում գյուղը կրում էր Ջողազ անունը, հետո վերանվանվել է Բերքաբեր:

Ջողազի ջրամբարը շուքով բացվեց 1980 թ. աշնանը, հանդիսավոր արարողությանը ներկա էր եւ ելույթ ունեցավ ՀԿԿ կենտկոմի քարտուղար Վլադիմիր Ղալումյանը, որը ծագումով Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղից էր:

1980-1990 թթ. Ջողազի ջրամբարի ջրերով ոռոգվում էին Հայաստանի Իջեւանի եւ Նոյեմբերյանի շրջանների եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հազարավոր հեկտար հողեր: Հայ-ադրբեջանական հակամարտության առաջացումից, 1990 թվականից հետո Ջողազի ջրամբարից սնվող ոռոգման համակարգը դադարեց գործել, ադրբեջանցիները թալանեցին իրենց տարածքում գտնվող ոռոգման պոմպակայանը, որը ջուր էր մղում Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերը:

Բերքաբեր գյուղի դեմ-դիմաց, արհեստական լճի ձախ ափին է գտնվում Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամ գյուղը: Ջրամբարի այդ ափին ադրբեջանցիները խողովակներ են դրել 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ արհեստական ջրամբարի մեջ եւ ոռոգման նպատակով ջրամբարից ջուր են մղում:

Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ասաց, որ Մազամի ադրբեջանցիները Ջողազի ջրով ոռոգում են ոչ միայն իրենց տնամերձ հողամասերը, այլ նաեւ՝ Բերքաբերին պատկանող, 1990 թվականից փաստացի սահման հանդիսացող ջրամբարի ձախ ափին գտնվող, ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող 860 հեկտար հողերը:

Ջողազի ջրամբար են լցվում Ոսկեպար գետի ջրերը: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ասաց. «Ադրբեջանցիները մեր ջրերով մեր հողերը ոռոգում են եւ մեզ վրա կրակում»:

Գյուղապետին հարցրինք, թե ինչու իրենք Ջողազրի ջրամբարից ոռոգման ջուր չեն վերցնում, պոմպակայան գործարկում: Նա ասաց, որ այդ նպատակով ինքը տարբեր կազմակերպություններ է դիմել, սակայն՝ անօգուտ:

1997թ. ՄԱԿ-ի փախստականների հարցերով նորվեգական խորհրդի ֆինանսավորմամբ Ջողազի ջրամբարի պատվարի տակ կառուցվեց միկրոՀԷԿ, որը խմելու ջուր էր մատակարարում Սարիգյուղ, Բերքաբեր համայնքներին: Այդ ժամանակ միկրոՀԷԿ է այցելել Լեւոն Տեր Պետրոսյանի տիկինը՝ Լյուդմիլան:

2012 թվականից Բերքաբերը ղեկավարող Արթուր Մադաթյանն ասաց, որ այդ միկրոՀԷԿ-ը վաղուց չի գործում, այն թալանված է:

Նա հայտնեց, որ իր համագյուղացիները ադրբեջանցիների կրակի պատճառով չեն համարձակվում ջրամբարից ձուկ որսալ:

Նշենք, որ մարտի 25-ին ադրբեջանցիների կրակից Բերքաբերում վիրավորվել է գյուղի 64-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930