Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանին համարելով համախոհ՝ ողջ մեղքը բարդեց Ռոբերտ Քոչարյանի վրա»

Ապրիլ 12,2016 17:00

Ալեքսանդր Արզումանյանը` երեք նախագահների
արձագանքների եւ անդրադարձների մասին

«Միայն դրական եմ գնահատում այդ հանդիպումը: Այդ փաստը խոսում է այն լայն կոնսոլիդացիայի մասին, որը այս օրերին ձեւավորվել է Հայաստանում: Կարծում եմ՝ սա նոր մշակույթի ներդրում է մեր քաղաքական անցուդարձում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով երբեմնի քաղաքական ախոյանների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսանի շաբաթ օրը կայացած հանդիպմանը: Առաջին եւ գործող նախագահները հադիպեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ. Սերժ Սարգսյանն այցելեց Տեր-Պետրոսյանի տուն: Ուշագրավ էր, որ ապրիլի 2-ին սկսված պատերազմական գործողությունների ընթացքում բավական պասիվ էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կեցվածքը:

Պատերազմի երրորդ օրը միայն՝ ապրիլի 4-ին, երկրորդ նախագահի գրասենյակը մի քանի տողանոց անդրադարձ ունեցավ տեղի ունեցող իրադարձություններին: Նկատենք, որ ներքաղաքական բազմաթիվ այլ հարցերի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը բավական արագ եւ ծավալուն էր արձագանքում: Այս դիտարկումներին Ալեքսանդր Արզումանյանն այսպես արձագանքեց. «Ափսոսանք կարող եմ հայտնել»: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման առիթով երեկ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո եւ հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարեւոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական եւ մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դժվար թե գործող նախագահի եւ նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել այդ առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա: «Ուրախալի է, որ հայ հասարակությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ լուրջ արտաքին վտանգի պարագայում ունակ է համախմբվել՝ ագրեսիային հակադարձելու համար։ Նաեւ ակնհայտ է, որ հայրենասիրական ներուժը կրկնապատկվում է, երբ նրան որպես հենարան է ծառայում ժամանակակից մարտունակ բանակը եւ արդյունավետ»,- ասել է նա: «Առավոտի» դիտարկմանը` Ռոբերտ Քոչարյանի այս դժգոհությունը եւ նախագահների հանդիպումներն անիմաստ համարելը չի՞ բխում նրանից, որ ժամանակին հենց Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, ու հիմա նույնիսկ անտրամաբանական եւ անլուրջ կստացվի, եթե Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հետ պահանջի, որպեսզի ԼՂՀ-ն բանակցային սեղանի շուրջ վերադառնա, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Մենք շատ զավեշտական դրսեւորումների ենք հանդիպում, այնպես որ՝ դա էլ չէր զարմացնի: Իրոք, դա հայտնի փաստ է: Բայց հայտնի փաստ է նաեւ այն, որ Տեր-Պետրոսյանը փորձում էր համագործակցել Ռոբերտ Քոչարյանի կամ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերի հետ, որպեսզի պայքարի Սերժ Սարգսյանի դեմ: Հիմա էլ, Սերժ Սարգսյանին համարելով համախոհ, ողջ մեղքը բարդեց, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի վրա»:

Հիշեցնենք. Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպումից երկու օր անց Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցով հանդես եկավ, որում, մասնավորաբար, ասել է. «Քննարկվելիք փաստաթուղթը վաղուց հայտնի է եւ կոչվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված եւ կողմերի միջեւ մեծ մասամբ համաձայնեցված ծրագիր, որը պարունակում է թե՛ տարածքների վերադարձմանը, թե՛ խաղաղապահ ուժերի տեղակայմանը վերաբերող հոդվածներ։ Մադրիդյան սկզբունքներն ու նրանց հիման վրա մշակված համապարփակ ծրագիրը բազմիցս հաստատվել են Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններով, արժանացել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սկզբունքային համաձայնությանը։ Մադրիդյան սկզբունքները որդեգրել է Ռոբերտ Քոչարյանը, եւ նրան այդ հարցում անվերապահորեն սատարել են նրա վարչախմբի մաս կազմող կուսակցությունները։

Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։ Ի դեպ, նա է ընդառաջել նաեւ Ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին։ Սերժ Սարգսյանն, ըստ այդմ, այս ամենը ժառանգել է Քոչարյանից, եւ նրա պատասխանատվության չափը թվարկված հարցերում ավելին չէ, քան վերջինիս վարչախմբի մասը հանդիսացած մյուս դերակատարներինը։ Ես գնահատականներ չեմ տալիս, այլ ընդամենն արձանագրում եմ առկա անժխտելի իրողությունները»։

Արդարացի՞ է ողջ մեղքը միայն Ռոբերտ Քոչարյանի վրա բարդելը` «Առավոտի» հարցին Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ չէր ցանկանա այդ հարցազրույցի մեջ շատ խորանալ. «Ես կարծում եմ՝ դա դեռ երկար քննարկումների տեղիք կտա: Հիմա մենք պետք է ամփոփենք չորս օրերի կատարվածը, հասկանանք` ո՞վ, որտե՞ղ էր մեղավոր, ի՞նչն ենք սխալ արել»:

Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ հետագա զարգացումները կարող են ցանկացած ուղղությամբ շարժվել, այդ թվում նաեւ՝ լայնածավալ պատերազմական գործողությունների: «Եթե Ադրբեջանը գիտակցեց, որ ԼՂՀ ՊԲ-ն պատրաստ է համարժեք պատասխան տալ բոլոր ոտնձգություններին, գիտակցեց, որ մեր հասարակությունն ամբողջովին համախմբվում է ԼՂ հարցի շուրջ, որ այս հարցերում որեւէ տարաձայնություն չի կարող լինել, ապա նաեւ, հաշվի առնելով «Յոմ-Կիպուրի» պատերազմի փորձը, կարելի է հուսալ, որ ավելի պատրաստակամ կլինի բանակցային լուծման փորձին: Բայց քանի որ տարածաշրջանում շատ խաղացողներ կան, որոնց շահերից դա կարող է չբխել, միշտ էլ հնարավոր կլինի հրահրել, նոր ավանտյուրաների դրդել ադրբեջանական կողմին: Դեռեւս պետք է հետեւենք զարգացումներին»: Համենայնդեպս, մեր զրուցակիցը կատարվածը պատեհ առիթ է համարում՝ ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, եւ կարծում է, որ հայկական կողմը դա պետք է պնդի. «Դրա համար ես տարակուսանք հայտնեցի, որ ՀՀ գլխավոր շտաբի պետն էր հրադադարի համաձայնություն ձեռք բերում:

ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, եւ եթե պետք է զինադադարի նոր պայմանագիր ստորագրվի, դա պետք է անեն ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը»:
Հետաքրքրվեցինք` գործնականում ի՞նչ քայլեր պետք է զուգակցվեն ՀՀ-ի կողմից կոշտ դիվանագիտական լեզվի հետ, որը կիրառվեց այս ընթացքում`ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի առիթով, մանավանդ, որ ՌԴ վարչապետը հայտարարեց, թե պայմանավորվածությունների համաձայն՝ շարունակելու են Ադրբեջանին զենք վաճառել, մեր զրուցակիցը նկատեց. «Հայկական կողմից որեւէ մեկը որեւէ կոշտ հայտարարություն չի արել: Հայկական կողմն ընդամենը բարձրաձայնել է առկա փաստը, իրողությունը: Այդ դժգոհությունը համատարած է ողջ քաղաքական դաշտում, եւ ՌԴ-ն պետք է գիտակցի, որ շարունակելով նույն քաղաքականությունը՝ մեր հասարակության մեջ այնպիսի դիսկուրս է առաջացնում, որը այս 25 տարիների ընթացքում երբեւէ չի եղել. հայ հասարակությունը սկսել է հարցադրումներ բարձրաձայնել` արդյո՞ք ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, արդյո՞ք ՌԴ-ն հրաժարվել է ցարական Ռուսաստանի կամ Խորհրդային միության քաղաքականությունից, որոնք միշտ պատրաստ էին գործընկերներին զոհաբերել ինչ-որ պահի: ՌԴ-ի շահից չի բխում, որ նման տրամադրությունները Հայաստանում խորանան: Իսկ այդ տրամադրությունների առաջացումը հնարավորություն կտա մեր իշխանություններին ավելի հետեւողական լինել պահանջներում»:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930