Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնեցիները՝ ՀՀ նախագահին. հեռու չի այն օրը, երբ մեր հրաշք երիտասարդությունը կփակի Բաղրամյան պողոտան՝ ի պաշտպանություն Ձեզ

Ապրիլ 12,2016 16:30

Հաշվի չառնելով եւ ոչ մի բարձրաձայնված կարծիք, օգտվելով Հայաստանում եւ ԼՂՀ-ում ստեղծված լարվածությունից՝ սկսել են իրագործել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման նախագիծ» ծրագիրը

Հարգարժան պարոն նախագահ Սերժ Սարգսյան, դիմում ենք Ձեզ, քանի որ սպառվել են պայքարի բոլոր թույլատրելի միջոցները, պայքար, որն ուղղված է բարձրաստիճան պաշտոնյայի դեմ, որը առաջնորդվում է անձնական շահով, օգտագործում պաշտոնեական դիրքը՝ գյուղատնտեսությամբ զբաղվելով եւ 6,0 մլն ԱՄՆ դոլար վաստակելու համար: Նա առանց հաշվի առնելու ոռոգման ցանցի առկա հնարավորությունները՝ նոր այգի է հիմնել Նարեկ գյուղի հողատարածքներում (ասում են՝ 1000 հա): Անցյալ տարի Արարատի մարզի համար նախատեսված ջրաքանակից արտահերթ ոռոգել է այն, որն առաջացրել է շատ համայնքների դժգոհությունը: Այդ իսկ պատճառով առաջ է քաշել մի ծրագիր՝ իբր ուզում է տնտեսել տարեկան 500 մլն դրամ ինքնահոս ջրագիծ անցկացնելով, որն սկսվում է Գառնի գյուղի կենտրոնից եւ գնում Նարեկ գյուղ (27,5 կմ): Այդ ծրագիրը անարդյունավետ ծախս է, հակաբնապահպանական է եւ ապազգային, որում բազմիցս համոզվել ենք քննարկումների ժամանակ:

Մեծարգո նախագահ, խորապես հասկանում ենք Ձեր հոգսաշատ զբաղվածության աստիճանը, որ դուք մեն-մենակ ընդդիմանում եք արտաքին եւ ներքին մարտահրավերներին, ընդդիմանում եք հզոր երկրների ահագնացող նկրտումներին: Լինելով հզոր անհատականություն՝ Դուք սահմանադրական բարեփոխումներով մեկ մարդու պատասխանատվության ինստիտուտը տեղափոխում եք կոլեգիալ պատասխանատվության դաշտ՝ գիտակցելով, որ փոքր-ինչ թույլ նախագահ ունենալու դեպքում վտանգվելու էր երկիրը:

Չունենալով ժողովրդի լայն զանգվածի աջակցությունը՝ նախագահը հենվում է հնարավոր բոլոր շերտերի աջակցության վրա, եւ, բնականաբար, առաջնահերթ բավարարվում են նրանց պահանջները, որոնք հիմնականում անձնական բնույթի են (որդիս քաղաքապետ դառնա, Ազատ գետը վերցնեմ կարիքներիս համար եւ այլն):

Ավելի մեծ ճնշում գործադրելու համար այդ շերտը ավելի մեծ մոլուցքով է նետվում դեպի երկրի բնական հարստությունները տիրելուն, ավելի ազդեցիկ խնամիական կապեր ստեղծելուն, որն ուղեկցվում է հյուսիսի առաջին դեմքին մոտ կանգնած քավորի ձեռք բերումով:

Գիտակցում ենք, որ այս ամենը ուղղված է Ձեր դեմ, եւ Դուք կարողանում եք այդ բոլոր ճնշումների պայմաններում պահպանել երկիրը: Ստացվում է, որ ժողովրդի շահերը մղվում են հետին պլան: Ժողովուրդ, որն այս օրերին ցույց տվեց, որ արժանի է ավելի լավ կյանքի, ամենամեծ արդարության, ամենապայծառ ապագայի:

Հենվե՛ք մեր վեհ ժողովրդի վրա, վայելեք նրա հարգանքն ու սերը, որը նա անմնացորդ կնվիրի Ձեզ, եւ հեռու չի լինի այն օրը, երբ մեր հրաշք երիտասարդությունը կփակի Բաղրամյան պողոտան՝ ի պաշտպանություն Ձեզ:
Գառնին պայքարելու է մինչեւ հաղթանակ:

ԱՇՈՏ ԱԲԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ «Հետք»-ի

Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ ոռոգման համար:

Ըստ բնապահպանների՝ Ազատ գետը Ազատի կիրճի էկոհամակարգի ձեւավորման գլխավոր գործոնն է: Նախագծի ազդեցության գոտում են գտնվում Խոսրովի արգելոցը, Գառնիի ձորը, Քարերի սիմֆոնիան եւ այն համայնքները, որոնք օգտվում են Ազատ գետի եւ Ազատի ջրամբարի ջրերից: Ծրագրի իրականացման դեպքում մեծանում են Ազատ գետի չորանալու ռիսկը, Գառնիի ձորի անապատացման ռիսկը, տեղի հարուստ կենսաբազմազանության վերացման ռիսկը, Ազատի ջրամբարի չլցվելու ռիսկը:

 

«Առավոտ» օրաթերթ
12.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930