Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը ճանաչեց իր որդուն, մեկ այլ ամբաստանյալ պնդում էր հակառակը՝ «գլխին բան կա, չճանաչեցի»

Ապրիլ 12,2016 16:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Կենտրոն մաքրություն» ՓԲ ընկերության աշխատակիցների գործով մեղադրանքի հիմքում ընկած էր նաեւ այն, որ տնօրենը՝ Արթուր Հովհաննիսյանը, 2009 թվականի հունվարին նախնական համաձայնության գալով նույն ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանի, աշխղեկներ Սամվել Եղոյանի եւ Գյուլիզար Շամոյանի հետ, «միավորվել են՝ խմբով հափշտակություն կատարելու համար», որից հետո 2009-2013 թվականներին Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից հափշտակել է որպես աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ միջոցներ հաշվարկված ընդհանուր առանձնապես խոշոր չափերի` 251197450 ՀՀ դրամ:

Նախորդ դատական նիստին հետազոտվեց դատախազ Հ. Մելքոնյանի կողմից դատարան ներկայացված երկու սկավառակներն առանձին ֆայլերով:

Ըստ ներկայացված համր տեսանյութերի, երեւում էր, թե ինչպես են ամբաստանյալներից մի քանիսը եւ նաեւ անծանոթ անձինք կանխիկացնում «Հայբիզնեսբանկի» տարբեր մասնաճյուղերում ինչ-որ գումարներ:

Ամբաստանյալներից եզդի Գյուլիզար Շամոյանը, դիտելով տեսանյութերից մեկը, ասաց, թե գումարը կանխիկացնող կինը աշխղեկ Սամվել Եղոյանի բրիգադից Տիրուհի անունով մեկն է: «Արցախ բրենդ» ֆայլում կար տեսագրություն, թե ինչպես է անհայտ մեկը կանխիկացնում անհայտ գումարը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը դիմելով տասնմեկ ամբաստանյալներին՝ հարցրեց, ծանո՞թ են, ամբաստանյալներից Սամվել Եղոյանը պատասխանեց, որ ծանոթ չէ կադրում երեւացողը: Մեղադրողը հետազոտման ներկայացրեց «Եղոյան Մերի» անունով թղթապանակում առկա ֆայլերից մեկը: 2011թ. հոկտեմբերի 4-ի տեսագրությունն էր, որտեղ երեւում է անծանոթ մի տղամարդ, որը կանխիկացնում է դարձյալ գումար: Ենթադրվում էր՝ ընկերությունում չաշխատող Մերիի գումարը:

Երբ հնչեց, թե հավանաբար անծանոթը Եղոյանի որդին է, դատարանում առկա համակարգչի մոտ հրավիրվեցին ամբաստանյալներ Եղոյանն ու Շամոյանը: «Իր որդու մասին ես ոչինչ չեմ ասել: Ոնց է քննիչը նման բան գրել: Ոչինչ իրականությանը չի համապատասխանում»,- ասաց այս գործով ներգրավված միակ կին ամբաստանյալը՝ թոշակառու Գյուլիզար Շամոյանը:

Իսկապես ցուցադրված կադրում Ռոման Եղոյանը չէր, իսկ հաջորդ տեսանյութում էլ Ռոմանին ճանաչեց հայրը, իսկ Գյուլիզարն ասաց, որ գլխարկով չէր տեսել ամբաստանյալ գործընկերոջ որդուն, դրա համար չճանաչեց:

Իսկ երեկ դատարան ներկայացած վկա Եվգինե Փափուջյանը չէր ճանաչում ամբաստանյալներից որեւէ մեկին: Երբ հարցրին, թե բրիգադից Սամվել Եղոյանին եւ Գյուլիզարին ճանաչո՞ւմ է, նա ասաց՝ այո: Նա ասաց, որ նախկինում իր եղբայրն ու քույրն են այնտեղ աշխատել, քույրը փողոցը մաքրելիս ավտովթարի է ենթարկվել եւ հաշմանդամ դարձել: Այս վկան անվերջ պնդում էր, որ ինքն աշխատանքի ընդունվելուց հետո 1-2 ամիս չի աշխատել, ապա ներկայացել է հիմնարկ, մոտեցել «սպիտակ մազերով» մեկին, որը, ըստ նրա՝ բոլորին գրանցում էր եւ կաբինետում էլ լիքը մարդ կար նստած: Բայց թե ով էր այդ սպիտակ մազերով մարդը, այդպես էլ չհիշեց: Նա ասաց, որ ամեն ամիս բանկոմատից 80.000 դրամ աշխատավարձ է ստացել եւ իրեն հանձնարարված էր մաքրել Ալեք Մանուկյան փողոցը: Մինչդեռ նախաքննության ժամանակ այս վկան հայտնել էր, որ երբեք աշխատանքի չի գնացել, ոչ մի տարածք չի մաքրել, երբեք գումար չի ստացել եւ որ Գումի շուկայի մոտ վաճառել է կվաս եւ չէր կարող հասցնել երկրորդ տեղ աշխատել: Իսկ Սամվել Եղոյանն էլ ասել էր, որ գումար չի ստանա եւ իր փոխարեն գումարը կստանա այլ կին: Նախաքննության ժամանակ նաեւ հայտնել էր, թե եղբայրն իրենց տուն է բերել աշխատանքային գրքույկը եւ բանկոմատի քարտը: Ի դեպ, քննիչը նրան հարցաքննել էր 2013թ. նոյեմբերի 3-ին: Այստեղ տեղի տվեց ազգությամբ եզդի Գյուլիզար Շամոյանի նյարդերը, որը նախ հանդիմանեց վկային, ասելով, թե ինքն է միայն 2-3 տարի Վերգինեին մեքենայով ամեն գիշեր բերել Ալեք Մանուկյան եւ ապա ասաց. «Ո՞նց չես աշխատել, ամեն մեկդ ձեզ գցում եք դոդի բախչեն»:

Ազգությամբ եզդի Սանամ Ավդալյանն էլ իր ծանոթ Գյուլիի տանը տեսել է նրա աշխատակիցներին, իրեն պետք էր ապառիկ գրվել, տվել է անձնագիրն ու սոցիալական քարտը եւ այդպես էլ հավաքարար չէր աշխատել:

Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007թ. ապրիլից մինչեւ 2013թ. սեպտեմբերը զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի տնօրենի, ինչպես նաեւ ինժեների պաշտոնները, տեւական ժամանակ փաստացի ղեկավարել է տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպություն հանդիսացող ընկերությունը եւ որպես տնօրեն, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ եւ համակատարմամբ, շահադիտական նպատակով նույն ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ կեղծել է ընկերության պահեստից ապրանքանյութական արժեքների դուրսգրման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր: Նա այդ եղանակով Երեւանի Կենտրոն համայնքի, այնուհետ Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 12390585 ՀՀ դրամ:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
12.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930