Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աբգար Մուրադյանը երեւույթ էր»

Ապրիլ 12,2016 15:30

Համերգ՝ նվիրված պրեմիեր կլարնետահարի հիշատակին

Մեր հարեւան վայրագ ցեղի ապրիլյան պատերազմական սանձարձակությունը չկարողացավ ընկճել հայ զինվորին, նաեւ րոպե անգամ կանգ չառան մշակութային օջախները: Թատերարվեստի եւ երաժշտարվեստի ոլորտներում արտիստները բեմ էին բարձրանում՝ իրենց ներսում խեղդելով արցունքները, կազմակերպվում էին հանգանակություններ՝ բանակի ու զինվորի կողքին լինելու նպատակով: Ինչպես ասում են՝ յուրաքանչյուրն իր տեղում էր:

Օրերս Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ երեկո՝ նվիրված Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային նվագարանների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի հիշատակին, մասնակցությամբ անվանի կլարնետահարի անվան դուետի (դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյան, կլարնետահար Դավիթ Գյուլամիրյան) եւ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի:

Գաղտնիք չէ, որ կլարնետը ժամանակին մեր երաժշտական կենցաղում երբեմն ունենում էր ոչ բարձր արտահայտություններ, այլ խոսքով՝ դառնում կենցաղային կիրառական մի մասնիկ՝ դրանից բխող դրսեւորումներով:

Աբգար Մուրադյանը (լուսանկարում) իր գործունեությունը կատարողական եւ կրթական ասպարեզներում նվիրել է կլարնետի ակադեմիական մշակույթի զարգացմանը մեր երկրում: Երաժշտի գործունեությունը միտված էր այս նվագարանի դուրս բերելուն զվարճանքների մակարդակից: Հենց այս երաժիշտը կարողացավ իր արվեստով ձեւավորել ոլորտում բարձր մակարդակ, եվրոպական մշակույթին հարիր ազնիվ մտածողություն, վարպետության բարձրագույն որակ: Պատահական չէր, որ մեր կոնսերվատորիայի նախաձեռնությամբ 2013թ. Երեւանում մեկնարկեց անվանի կլարնետահարի անունը կրող Երիտասարդ կլարնետահարների առաջին հանրապետական մրցույթը:

Abgar_Muradyan-2

Աբգար Մուրադյանի անվան դուետը:

«Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի կոնսերվատորիայի պրոռեկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանն ասաց, որ բարձրարվեստ կլարնետահարի կատարողական արվեստի ակունքները եվրոպական էին: Չնշելով կենսագրական մանրամասներ, երաժշտագետը տեղեկացրեց, որ զինվորական կրթություն ստանալու նպատակով Աբգար Մուրադյանը մեկնել է Լիտվա ու այնտեղ է հակվել դեպի կլարնետը: Մեր զրուցակիցը հայտնեց, որ կլարնետահարը հաճախ էր մտաբերում Լիտվայում իր՝ իբրեւ երաժշտի վարպետության հիմքերը դրած գերմանացի մասնագետ ընկեր Հելմուտին: Դիտարկմանը, թե հաճախ արվեստագետների մասին խոսելիս ընդգծվում են նրանց մարդկային որակները, Մհեր Նավոյանի ձեւակերպմամբ՝ Աբգար Մուրադյանը երեւույթ էր, հրաշալի արվեստագետ, որն իր մեջ զուգորդում էր պարկեշտ, զուսպ, համեստ մարդուն բնորոշ բարձր որակները եւ վերջիններիս շնորհիվ էր, որ նա բացարձակ հեղինակություն էր այն միջավայրերում, որտեղ երբեւէ աշխատել է:

Աբգար Մուրադյանի անվան դուետի երաժիշտների հետ զրույցում դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը նախ նշեց, թե ինքն ու կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը Երիտասարդականի ստեղծման օրվանից արդեն տասը տարի է՝ ինչ կոլեգաներ են նվագախմբում, հետո էլ ասաց. «Սերգեյ Սմբատյանը հեղինակավոր նվագախմբերի օրինակով Հայաստանում առաջինն ու առայժմ միակն է, որը մեծ ուշադրություն դարձնելով կամերային երաժշտության տարածմանը, իր ղեկավարած նվագախմբի երաժիշտներից ստեղծեց անսամբլներ: Վերջին տարիներին Երիտասարդականի երաժիշտներից կազմված Ղազարոս Սարյանի անվան լարային կվարտետը, Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտյա փողային եւ դաշնամուրային կվարտետը եւ փայտյա փողային կվինտետը հաճախ են հանդես գալիս երաժշտասերների առջեւ: Օրերս նվագախմբի հետ մեր դուետի երկրորդ բեմելն էր Երեւանում: Առաջին անգամ հանդես են եկել 2015թ.»:

Դավիթ Գյուլամիրյանը, որը կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան ավարտել է անվանի երաժշտի ղեկավարությամբ, ափսոսանք հայտնեց, որ պրոֆեսորը ապրել է ընդամենը 66 տարի (այսօր Աբգար Մուրադյանը կդառնար 72 տարեկան): Նշեց, որ մինչեւ կյանքի վերջին օրերը պրոֆեսորը, ինչպես միշտ, եկել է կոնսերվատորիա առավոտյան ու այնտեղից դուրս եկել ուշ երեկոյան: «Պարոն Մուրադյանն ավելի շատ էր հուզվում, անհանգստանում մեզ համար, քան ինքներս: Մի խոսքով՝ նա իսկապես ծնող էր… Բարեբախտաբար, ռադիոյի ոսկե ֆոնդում են երաժշտի շուրջ 5-ժամյա ձայնագրությունները եւ իբրեւ մենակատար, եւ կամերային անսամբլի երաժիշտ»,- հայտնեց Դավիթը: Հավելեց, որ ժամանակին, երբ Աբգար Մուրադյանն ընդունվում էր ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ, որտեղ աշխատել է շուրջ 30 տարի, մաեստրո Օհան Դուրյանն առաջին անգամ լսելով կլարնետահարին, բացականչել է՝ պրեմիեր կլարնետ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930